Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր տնկվող և պտղաբերող այգիներում գարնանային նախապատրաստական աշխատանքների մասին իրազեկում է Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամը

21.02.2019

Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամը հորդորում է պատրաստվել նոր տնկվող և պտղաբերող այգիներում որոշ գարնանային նախապատրաստական աշխատանքներին:

Այգետնկման նախապատրաստական աշխատանքներ

Գարնանային տնկումների դեպքում տնկման փոսեր պատրաստել փետրվարի վերջին կամ վաղ գարնանը, քանի որ 1-1.5 ամիս առաջ պատրաստված փոսերում կատարվող տնկումները դրական են ազդում տնկիների կպչողականության վրա. պատճառն այն է, որ փոսերի հողմահարումն ու արևահարումը դրական է ազդում հողի կենսաբանական պրոցեսների ակտիվացման վրա:
Տնկման փոսերի ծավալը պետք է համապատասխանի փոսի մեջ տնկիի անվնաս և ազատ տեղադրմանը:Հիմնաշրջված հողերում տնկման փոսերի խորությունը պետք է լինի 50-60 սմ, իսկ տրամագիծը՝ 70-100 սմ: Եթե հատկացվող հողամասում աշնանը խորը վար չի կատարվել, ապա վաղ գարնանը խորհուրդ է տրվում կատարել խորը վար՝ 28-30 սմ կամ տնկման փոսերը պատրաստել ավելի մեծ՝ մինչև 1.2 մ լայնությամբ և 60-80 սմ խորությամբ:
Նոր տնկվող այգիներում տնկիների կպչողականության բարձրացման համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր բնում հողի հետ միասին լցնել 8-10 կգ փտած գոմաղբ և 20-25 գ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ՝ ազդող նյութի հաշվով:
Խորհուրդ է տրվում տնկելուց առաջ ծառերի արմատները թաթախել նախօրոք պատրաստված գոմաղբահողային հեղուկի մեջ: Տնկիի արմատային համակարգը պետք է լինի հավաք, եթե տնկիի առանցքային արմատի երկարությունը 30 սմ-ից ավել է, ապա կարելի է առանցքային և կողային արմատները կարճացնել:
Ձեռքով տնկման ժամանակ, փոսում հող լցնելիս, տնկին թեթևակիորեն կարելի է բարձրացնել քիչ վերև, այնուհետև հողն ամրացնել և անմիջապես ջրել: Խորհուրդ է տրվում նաև տնկին ուժեղ քամիներից և ընկնելուց պաշտպանելու համար ամրացնել ցցափայտին, որը պետք է 4-5 սմ-ով է ցածր լինի տնկիի առաջին կմախքային ճյուղերից:
Եթե աշնանը երիտասարդ այգիների հողը չի պարարտացվել, ապա գարնանային վարի կամ բաժակափոսերի պատրաստման ժամանակ խորհուրդ է տրվում 1 հա-ին տալ 10-15տ կիսաքայքայված կամ փտած գոմաղբ, հանքային պարարտանյութեր՝ 40-65 կգ, ազդող նյութի հաշվով:

Պտղաբերող այգիներում կատարվող որոշ գարնանային նախապատրաստական աշխատանքներ

Պտղաբերող այգիներում հողի քեշի գալուն զուգահեռ պետք է սկսել գարնանային մշակության աշխատանքները՝ նպաստելով արմատաբնակ շերտում օդափոխության լավացմանը և խոնավության կուտակմանը, մոլախոտերի նոր ծլող սերմերի ոչնչացմանը, հողի կեղևակալման վերացմանը:
Այն այգիներում, որտեղ աշնանը վար չի կատարվել, խորհուրդ է տրվում գարնանը հնդավորների մոտ միջշարային տարածություններում վարը կատարել 20-22 սմ, իսկ կորիզավորների մոտ 16-18 սմ խորությամբ:
Ծառերի մերձբնային տարածությունները վարել զգուշությամբ, առանց արմատային համակարգի վնասման՝ 10-12 սմ խորությամբ:
Եթե այգին աշնանը չի պարարտացվել, ապա պտղաբերող այգիներին գարնանը վարի կամ բաժակափորի հետ միասին կարելի է տալ՝ 15-20 տ կիսաքայքայված կամ փտած գոմաղբ, 90-120 կգ հանքային պարարտանյութեր՝ ազդող նյութի հաշվով:
Կենսահումուսով պարարտացում խորհուրդ է տրվում կատարել 3-5 տարին մեկ՝ 2-3տ հա-ին: Պարարտանյութերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ ենք տալիս հող մտցնել 25-30 սմ խորությամբ:
Վաղ գարնանը խորհուրդ է տրվում երիտասարդ այգիներում անհրաժեշտության դեպքում կատարել վերատնկումեր և լրացումներ:
Կապ հաստատելու և ավելի մանրամասն ծրագրերի կամ այլ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամ կամ զանգահարել (+37412) 551512 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06