Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թումանյանական տարին Արագածոտնում մեկնարկել է

19.02.2019

Արագածոտնի մարզում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր, Բյուրականի՝ բանաստեղծի անունը կրող միջնակարգ դպրոցում:
Ստեղծագործել սկսելով 12 տարեկան հասակում՝ Թումանյանը դարձել է հայ ժողովրդի ամենասիրված ու ընթերցված հեղինակներից մեկը: Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն իր գեղարվեստական արժանիքներով մշտապես արդիական և հոգեհարազատ է:
Միջոցառումը մեկնարկել է անմիջապես դպրոցի շքամուտքից, Թումանյանի բանաստեղծական շունչը հյուրերին ուղեկցել է մինչև դահլիճ:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.
- Աշխարհում չկա մի հայ, ով անծանոթ է Թումանյանի ստեղծագործություններին, ով, հայ լինելով հանդերձ, Հայաստանին չի ծանոթացել թումանյանական տողերով: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Թումանյանն ինքը հենց Հայաստանն է: Թումանյան կարդալով՝ սկսում ենք ավելի շատ սիրել մեր հայրենիքը: Թումանյանական տողերը լինելով պարզ՝ ձգտում են կատարելության, և հնարավոր չէ այդ տողերին ավելացնել կամ պակասեցնել գեթ մեկ բառ: Ես ցանկանում եմ, որ նախորդների նման այժմյան և հետագա սերունդներն էլ կրթվեն ու դաստիարակվեն Թումանյանի ստեղծագործություններով:
Մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները մարմնավորելով թումանյանական հերոսների կերպարներ՝ ներկայացրել են նրա ստեղծագործությունները, հանդես են եկել բեմականացումներով, երգերի և ասմունքի կատարումներով:
Փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այդ կապակցությամբ մարզպետ Դավիթ Գևորգյանն իր մակագրությամբ գրքեր է նվիրել միջոցառմանը մասնակից դպրոցներին:
2019 թվականը Հայաստանում հայտարարված է թումանյանական տարի, և այդ շրջանակում ողջ տարվա ընթացքում Արագածոտնի մարզի կրթօջախներում և մշակութային հաստատություններում կազմակերպվելու են մեծ հեղինակին նվիրված միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31