Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

14.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատությունների ղեկավարներին ընտրական գործընթացներից դպրոցը զերծ պահելու համար:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ մարզպետն ասաց.
-Առաջիկայում բազմաթիվ նախաձեռնություններ կլինեն, բայց դրանցից ամենակարևորը աշխատանքային խմբի ձևավորումն է, որն ուսումնասիրելու է դպրոցների գործունեությունը, դպրոցների առկա վիճակը տարբեր մասերով՝ հաստիքացուցակները, դպրոցի ֆինանսական գործունեությունը, կառավարման արդյունավետությունը, շենքային պայմանները և այլն:
Մարզպետարանը և դպրոցի անձնակազմը իրար հետ պայքարելու տրամադրվածություն չպետք է ունենան: Ես ակնկալում եմ, որ մենք համագործակցելու ենք և գիտակցաբար անելու ենք ամեն ինչ դպրոցն ավելի լավը դարձնելու համար: Առաջիկայում կրթական համակարգի բարելավման նոր ծրագրեր և նախաձեռնություններ կմշակվեն, սակայն մինչ այդ պետք է չհապաղենք, անցնենք գործի և անենք այն, ինչն այժմ հնարավոր է մեր ուժերով և առկա ռեսուրսներով:

Դատախազ Սարգիս Մնացականյանը ներկայացրել է անչափահասների զբաղվածության և նրանց կողմից հանցագործությունների կատարման վերաբերյալ մարզի դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերը: Նա ուղենշել է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող աշակերտների նկատմամբ դպրոցի կողմից իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները, իրավախախտ անչափահասների թվի նվազեցման, հանցավորության կանխարգելման համար համատեղ և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Հնչել է զեկույց ուսումնական հաստատություններում վարքի շեղումներ ունեցող անչափահասների հետ դպրոցներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման մասին:
Քննարկվել են կրթության ոլորտում 2019 թվականի բյուջեի հիմնավորված ծախումների, տարիֆիկացիոն մատյանների ներկայացման, ջեռուցման կազմակերպման, ջերմային ռեժիմի պահպանման, ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելու վերաբերյալ հարցեր:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը դպրոցի տնօրեններին հորդորել է վերջ տալ ազգակցական կապերի շնորհիվ ուսումնական հաստատություններում աշխատանքի տեղավորելու տարիներ շարունակ ձևավորված սովորույթին: Նա ընդգծել է, որ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում մեծաքանակ փոխտնօրեններ, տեխնիկական աշխատակիցներ պահելու, տնօրենի հովանավորությամբ, բարեկամական կապերի շնորհիվ դպրոցում աշխատելու, լաբորատորիա կամ խմբակ չունեցող դպրոցներում լաբորանտներ և խմբակավարներ պահելու արատավոր պրակտիկան պետք է բացառել:

Անդրադառնալով հաստիքացուցակներին՝ մարզպետն ընդգծել է, որ դպրոցի աշխատակազմը պետք է լինի օպտիմալ և հաստիքացուցակները պետք է կազմվեն ողջամիտ, փոփոխությունը չպետք է կրեն ինքնանպատակ և խիստ հայեցողական բնույթ:
Մարզպետը նաև հավելել է, որ հաստիքների կրճատման արդյունքում տնտեսված միջոցները միևնույն է մնալու են տվյալ դպրոցի բյուջեում, և հնարավոր է դրանք նպատակաուղղել դպրոցի հրատապ խնդիրների լուծմանը: Ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է հաշվետվությունները ներկայացնել ճշգրիտ, առանց սխալների և սահմանված ժամկետներում:
Հնչել են հայտարարություններ առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների աշխատանքների պատշաճ կազմակերպման, ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման հայտերի ներկայացման, դպրոցի կառավարման խորհուրդների աշխատանքների, հոբելյանական միջոցառումների կազմակերպման, սպորտային միջոցառումներում մասնակցության և այլ հարցերի վերաբերյալ:
Հնչել են հարցեր, որոնց գերակշիռ մասը վերաբերում էր դասղեկության և գրավոր աշխատանքների ստուգման համար ուսուցիչներին տրվող նախկինում կրճատված վճարները վերականգնելու վերաբերյալ մարզպետի հանձնարարականին (հանձնարարականի մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ):
Խնդիրները համատեղ ուսումնասիրելու, առարկայական քննարկելու և լուծման գործնական քայլեր ձեռնարկելու համար մարզպետը մի քանի դպրոցի տնօրենների հրավիրել է մարզպետարան, բարձրացված մյուս բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35