Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն նվիրված գիտաժողով

13.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Աշտարակի հովվության նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանն այսօր կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան տարեդարձին նվիրված գիտաժողով:
Գիտաժողովին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, հոգևորականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովը սկսվել է Աշտարակի ՍԲ. Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանի աղոթքով:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց.
-Ներսես Աշտարակեցու կենսագրությունից պարզ է դառնում, թե բազում դժվարություններ անցած հայ ժողովուրդն ինչպես է պատմության քառուղիներով եկել հասել մեր օրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին ազգային ազատագրական պայքարն առաջնորդած գործիչ է, ով իր ավանդն է ունեցել գրեթե բոլոր բնագավառներում՝ կրթական համակարգում, դպրոցաշինության մեջ, հայ եկեղեցու դերի վերաիմաստավորման և մեր ազգային ինքնությունը պահպանելու գործում:
Երբ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, եկեղեցին է ստանձնել մեր պետության դերը, և մեզ պահողը եղել են մեր ազգային արժեքները: Ուրանալ դա, նշանակում է չնայել ճշմարտության աչքերին:
Նվիրյալ հայորդիների շնորհիվ, որոնցից է Ներսես Աշտարակեցին, մենք համախմբվել և հաղթահարել ենք բազմաթիվ փորձություններ: Ներսես Աշտարակեցին փորձել է մեր ազգային ինքնությունը պահպանել իր հաստատակամ և հավասարակշռված մոտեցումներով, դրանք չի վերածել չմտածված քայլերի և արկածախնդրության, քարը քարին դնելով՝ ձգտել է հասցնել մեզ մեր նպատակին: Ցավոք, կենդանության օրոք նրա իղձերը չիրականացան, սակայն Ներսես Աշտարակեցու անկոտրում պայքարը հիմք հանդիսացավ հայոց պետականության վերականգնմանը, և մենք շատ դասեր ունենք քաղելու
Ներսես Աշտարակեցու կենսագրությունից, անցած ճանապարհից:
Գիտաժողովի ընթացքում հնչել են Ներսես Աշտարակեցու կյանքի, հոգևոր գործունեության վերաբերյալ զեկուցումներ, որոնցում ներկայացվել է Ն. Աշտարակեցու դերակատարումը հայ ազատագրական պայքարում, մշակույթի և կրթության բնագավառներում:
Գիտաժողովն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, սրահներում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք:
Զեկույցների ամփոփումից հետո ցուցադրվել է Ներսես Աշտարակեցու մասին պատմող ֆիլմ, ներկայացվել է Ներսես Աշտարակեցին որպես «Պաշտպան հայրենյաց»:
Տ. Փառեն քահանա Առաքելյանը ներկայացրել է Ներսես Աշտարակեցու կոնդակները, ՍԲ. Մարիանէ եկեղեցում կատարվել է անդաստանի կարգ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14