Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում կիրականացվեն վերարտադրողական առողջության, երեխաների բերանի խոռոչի հիգիենայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ/ՏԲ կանխարգելման ծրագրեր

12.02.2019

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովային և առողջապահական ծրագրերի ղեկավար Նարինե Վարդանյանին:
Վիկտորիա Ավակովան ներկայացրեց, որ կազմակերպությունը 1994 թվականից Հայաստանում իրականացնում է առողջապահական, գյուղատնտեսական, պարենային, հումանիտար և զարգացման այլ ծրագրեր: Արագածոտնի մարզում ծրագրեր են իրականացվել 2016 և 2018 թվականներին, իսկ 2019 թվականի ընթացքում մարզի 13 համայնքում կիրականացվի ևս երեք առողջապահական ծրագիր:
Առաջին ծրագրի շրջանակներում Օշական, Շենավան, Քուչակ, Մաստարա, Արագածավան, Արտենի համայնքներում բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների համար կկազմակերպվեն ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման վերաբերյալ դասընթացներ: Ծրագրի ընթացքում շարժական բժշկական թիմը համայնքներում կիրականացնի ՄԻԱՎ-ի կամավոր խորհրդատվություն և հետազոտություն, բնակիչներին կմատուցի բուժկանխարգելիչ ծառայություններ:
Երկրորդ ծրագրի շրջանակներում Կոշ, Ներքին Բազմաբերդ, Փարպի, Սասունիկ, Կարբի, Բյուրական համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների համար կանցկացվեն կանանց վերարտադրողական առողջության թեմայով դասընթացներ, ինչպես նաև կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի նորագոյացությունների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով կկազմակերպվեն կանանց ուլտրաձայնային հետազոտություններ և մասնագետի՝ գինեկոլոգ/էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
Երրորդ ծրագրի շրջանակներում Ագարակ գյուղի դպրոցում կկատարվի երեխաների ատամների զննում, կմատուցվեն ատամնաբուժական անհրաժեշտ ծառայություններ: Դպրոցում կանցկացվեն բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ դասընթացներ, շուրջ 230 աշակերտի կտրամադրվեն ատամների խնամքի պարագաներ և տեղեկատվական նյութեր:
Վերոհիշյալ ծրագրերի շրջանակներում բոլոր ծառայությունները կմատուցվեն անվճար, որոնցից կօգտվի շուրջ 700 շահառու:
Քննարկելով ծրագրերը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ հատկապես կարևորում է առողջապահական կանխարգելիչ ծրագրերի դերը և պատրաստակամություն է հայտնել մարզպետարանի հնարավորությունների և մարզպետի լիազորությունների սահմաններում աջակցել դրանց իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35