Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզում կատարած աշխատանքները

07.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզի զարգացման ղեկավար Թամարա Բարբակաձեին և վաղ մանկական զարգացման, երեխաների պաշտպանության, կրթական ծրագրերի համակարգողներին:

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մասնաճյուղի ներկայացուցիչները ամփոփել են 15 տարվա ընթացքում Թալինի և շուրջ տասնամյակ Ապարանի տարածաշրջաններում կազմակերպության իրականացրած կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական ծրագրերը: Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերից մի քանիսը ներկայացվեց առավել մանրամասն:

Թամարա Բարբակաձեն նշեց, որ «Վաղ մանկական զարգացում» ծրագրի շահառու են հանդիսացել Թալինի շուրջ 2500 և Ապարանի 3500 բնակիչ: Ծրագրերի նպատակն է բարելավել մինչև 5 տարեկան երեխաների ծնողների և երեխաներին ծառայություններ տրմադրողների կարողությունները՝ ստեղծելով ապահով միջավայր երեխաների աճի և զարգացման համար: Բացի այդ, իրականացվել է երեխաների պաշտպանության և կրթության ծրագիրը, որի նպատակն է համայնքներում, դպրոցներում և ընտանիքներում ստեղծել երեխաների համար ապահով և բռնություններից զերծ միջավայր:

Քննարկվող ոլորտի համակարգումը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն համայնքապետարաններին հանձնելու վերաբերյալ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մասնաճյուղի ներկայացուցիչների առաջարկին ի պատասխան մարզպետն ասաց.

- Մինչ այժմ սոցիալական, երեխաների, կանանց, ընտանիքների իրավունքների պաշտպանության ոլորտներում աշխատանքներ են տարվել առավելապես հետևանքների վերացման համար, սակայն կարևորում եմ նաև դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հասցեական և նպատակային օգնություն ցուցաբերելու համար պետք է թիրախավորենք այս ոլորտի խնդիրները, համատեղ աշխատանք իրականացնենք: Կարևոր եմ համարում ոլորտում ձեր և մյուս բարեգործական կազմակերպությունների դերը, սակայն գտնում եմ, որ կանխարգելման առաջին օղակը պետք է համայնքը լինի: Միաժամանակ ակնհայտ է, որ ոլորտի նկատմամբ վերահսկողությունը, ընտանիքներում բացատրական աշխատանքների կամ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, թերևս այս պահին՝ ներկա վարչակազմով և գործիքակազմով, համայնքապետարանին հանձնելը արդյունավետ չէ, քանի որ փոքր համայնքներում համագյուղացի-հարևան-բարեկամ շղթայում ձևավորված միջանձնային հարաբերությունները կարող են խոչընդոտել տարվող աշխատանքներին: Հետագայում փոփոխությունների արդյունքում այս տեսակ խնդիրներ չեն լինի։

Մարզի 46 համայնքների 130 ընտանիքների հետ պարբերաբար աշխատել է սոցիալական աշխատող, դպրոցներում իրականացվել է արտադասարանական մեթոդաբանությամբ 7-9 ամիս տևողությամբ երկարաժամկետ կրթական ծրագիր՝ նպաստելով երեխաների շրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Շուրջ 200 ընտանիքի տրամադրվել է նյութական խոշոր աջակցություն, փոխվել են 23 տների պատուհաններ, իրականացվել են սոցիալական վիճակի բարելավման բազմաթիվ այլ ծրագրեր:

Այն համայնքները, որտեղ չկա մանկապարտեզ կամ նախակրթարան, արդեն 4-րդ տարին է, ինչ դպրոցին կից հիմնվում են նախակրթական հաստատություններ, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում օգտվել նախադպրոցական ծառայություններից:
Թամարա Բարբակաձեն նշեց, որ նման հաջողված փորձ ունեն Եղնիկ և Ցամաքասար համայնքներում, այս տարի ծրագիր կշարունակվի Նոր Արթիկ համայնքում:
Քուչակի համայնքապետարանի շենքում կկառուցվի մանկապարտեզ: Արդեն իսկ կան ձեռք բերված պայմանավորվածություններ վերանորոգման աշխատանքները սկսելու համար:

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց, որ ինքը ևս շահագրգռված է Քուչակ համայնքում մանկապարտեզ հիմնելու ծրագրով և իր լիազորությունների շրջանակներում ամեն կերպ կաջակցի, որպեսզի խնդրի լուծումը չկրի ժամանակավոր բնույթ, այլ ստեղծվի մշտապես գործող մանկապարտեզ:

Մարզպետը կարևորել է նմանատիպ ծրագրերի հեռանկարային լինելը: Նա նշել է, որ նախկինում տարբեր կազմակերպությունների միջոցներով կառուցվել են մանկապարտեզներ և նախակրթական կենտրոններ, որոնք այժմ չեն գործում և միակ մտահոգությունը այդ կենտրոնների երկարաժամկետ գործունեությունն ապահովելն է:

Ամփոփելով հանդիպումը, կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցության արդյունքներն ավելի լավը կլինեն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36