Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների հետ քննարկել է առողջապահական հարցեր

06.02.2019

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական Առլետա Ազիզբեկյանի, առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանի և ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի հետ քննարկել է առողջապահության ոլորտում մարզում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման, մայրաքաղաքի և մարզային բուժհաստատությունների արդյունավետ համագործակցության հարցերը:
Հաշվի առնելով Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների լայն տարածումը՝ քննարկման մասնակիցները կարևորել են այդ հիվանդությունների վաղաժամ ճշգրիտ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրման անհրաժեշտությունը մարզային բժշկական կենտրոններում:
Ծառայությունների որակը բարելավելու, հիվանդին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու համար մարզի բժշկական կենտրոններում աշխատող սրտաբաններին, թերապևտներին, ընտանեկան բժիշկներին և նյարդաբաններին անհրաժեշտ գիտելիքներով ապահովելու նպատակով 2019 թվականի մարտ ամսին Արագածոտնի մարզում կկազմակերպվի կոնֆերանս: «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բարձր որակավորում ունեցող մասնագետները կփոխանակվեն կլինիկական գործունեության ընթացքում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների արդի բուժման և վարման մասին համապարփակ պրակտիկ տեղեկատվությամբ և մասնագիտական միջազգային փորձով:
Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի բնակիչների գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների («ինսուլտների») բուժումը «էրեբունի» բժշկական կենտրոնում պետական պատվերի շրջանակներում պատշաճ իրականացման, շտապօգնության ծառայությունը առավել հասանելի դարձնելու, դրա դիմաց վճարների հնարավորինս կրճատելու վերաբերյալ հարցեր: Նկատի ունենալով «էրեբունի» ԲԿ-ի կողմից բազմապրոֆիլ բժշկական ծառայությունների մատուցման հանգամանքը՝ շտապօգնության ծառայության միջոցով հիվանդանոց տեղափոխվելու դեպքում հիվանդը կազատվի որոշակի ֆինանսական վճարումներից՝ անկախ ախտորոշումից և սոցիալական կարգավիճակից:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուին հանձնարարել է ապահովել մարզի բուժհաստատությունների համապատասխան մասնագետների ակտիվ մասնակցությունը փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման գիտապրակտիկ ծրագրերին և նշել է, որ պատրաստ է ցանկացած համագործակցության, ինչը նպատակաուղղված կլինի առողջապահության ոլորտի խնդիրների համակարգային լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01