Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց արտակարգ իրավիճակների և բնակչության պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքները

30.01.2019

Հունվարի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կայացավ ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց ՀՀ Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության պետ, մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԲՊ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը, Արագածոտնի ՄՓ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերը և ոլորտի այլ պատասխանատուներ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդգծելով ոլորտում կատարված աշխատանքը՝ ասաց.
- Արտակարգ իրավիճակների ոլորտում նախորդ տարին, ընդհանուր առմամբ, հաջող է եղել, քաղպաշտպանության ոլորտում լուրջ աշխատանք է տարվել, ձեռքբերումներ ենք ունեցել:Բոլորս գիտենք, որ ՀՀ կառավարությունը չափազանց կարևորում է այս ոլորտը: Երկրի պաշտպանության թե՛ արտաքին մարտահրավերներին, թե՛ բնական աղետներին պետք է պատրաստ լինենք հավուր պատշաճի դիմակայել, անհրաժեշտ գործընթացն իրականացնել աշխատանքները լիարժեք կատարելով: Շնորհակալ եմ ցանկացած իրավիճակում՝ անկախ եղանակային և այլ պայմաններից, ամեն օրվա սրտացավ և հոգատար աշխատանքի համար:
Տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո խորհրդակցության մասնակիցները քննարկեցին ոլորտում առկա խնդիրները՝ տեխնիկական հագեցվածությունից մինչև դեպքերի դինամիկա (զեկույցն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքում):
ՃՏ պատահարները կանխելու և դրա հետևանքով զոհերից խուսափելու նպատակով՝ մարզպետը հանձնարարեց առանձնացնել այն ճանապարհները, որտեղ վթարներն առավել հաճախակի են լինում, ուսումնասիրել և ձեռնարկել գործուն միջոցներ բոլոր գերատեսչությունների սերտ համագործացության միջոցով խնդրի լուծման համար:
Քննարկվեց նաև համայնքներում հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատների ձևավորման հարցը:
Կապի և ազդարարման միջոցների ապահովման, հրդեհաշիջման աշխատանքները անխափան իրականացնելու համար անհրաժեշտ ջրային ավազանների սակավության հարցը և ոլորտում առկա մյուս խնդիրներն առարկայական քննարկելու համար որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ:
2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ԱԻ նախարարի պատվոգրով են պարգևատրվել Աշտարակ, Ծաղկահովիտ, Արագածավան, Շամիրամ համայնքների ղեկավարները և Արտենի բնակավայրի վարչական ղեկավարը:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին և բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության համար պատվոգրեր է հանձնել Աշտարակի, Ապարանի, Թալինի,Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին և մարզային փրկարարական վարչության 4 աշխատակցի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34