Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում նշվեց Հայոց բանակի 27 ամյակը

28.01.2019

Այսօր Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Հայոց բանակի 27 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքի ղեկավարներ, պատերազմի վետերաններ, զինղեկներ, զինծառայողներ և այլ հյուրեր:
Աշտարակ քաղաքի՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոցում տեղի ունեցավ հոգևորական ծես, ներկաները հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած ազատամարտիկների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի աջակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումը կայացավ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում:
Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։
Ելույթ ունեցան Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի երգչախումբը և պարի համույթը, «Օպերա վիվա» քառյակը, Մարգար Մշեցին, Սաղմոսավան համայնքի «Տաթև», Ուջան համայնքի «Կարոտ» ազգագրական պարային խմբերը և այլ կատարողներ:
Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց.
- Հարգելի՛ ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի՝ Հայոց բանակի ստեղծման 27 ամյակի առթիվ:
Մեր բանակը ստեղծվեց պատերազմի ընթացքում և տարիներ հետո ապրիլյան քառօրյա պատերազմում իր մարտունակությունը կրկին ապացուցեց:
Ես խոնարհվում եմ մեր երկրի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած բոլոր հերոսների շիրիմների առաջ, նրանց հիշատակը թող վառ լինի: Մենք խաղաղ ենք, քանի որ հերոսներ են իրենց կյանքը տվել այս երկրի համար, և որովհետև այսօր սահմանին կանգնած է հայ զինվորը:
Հարգելի՛ զինվորներ, սպաներ, դուք բոլորդ Մոնթեի, Շահեն Մեղրյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գուրգեն Դալիբալթայանի, Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի գործի շարունակողներն եք:
Մենք պատերազմող երկիր չենք: Մեր կամքը սեփական հողի վրա խաղաղ ստեղծագործելն ու ինքնադրսևորվելն է: Մենք խաղաղության ենք ձգտում, բայց, Աստված մի արասցե, եթե թշնամին հանդգնի խախտել մեր խաղաղությունը՝ փորձելով տիրանալ մեր հողին, մեր փողերից արձակված գնդակներն ու հրթիռները կլինեն արագ ու դիպուկ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բանակի զինվորներին,սպաներին, գեներալներին:
Խաղաղություն մեր երկրին:
Աստված բոլորիս պահապան:
Միջոցառման ավարտին ներկաներին խոսք հղեցին Արցախյան պատերազմի վետերանները և հանդես եկան զոհված զինակիցների հիշատակին նվիրված երգի կատարմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17