Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում է բարեփոխումների լայնածավալ ծրագիր

25.01.2019

Նախօրեին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Հովհաննիսյանը ներկայացրել է հիվանդանոցում իր պաշտոնավարման՝ վերջին երկու ամիսների, ընթացքում իրականացված աշխատանքները:
Հիվանդանոցի հակասանիտարական իրավիճակից ձերբազատվելու և բուժօգնության որակյալ սպասարկում իրականացնելու նպատակով լուծվել է բժշկական կենտրոնում տարիներ շարունակ առկա ջրամատակարարման խնդիրը: Այժմ հիվանդանոցն ապահովված է մշտական ջրով, և վերացել է պլաստիկե տարաներով ջուր հավաքելու «ավանդույթը»: Լվացքատան աշխատանքներն առավել մեծ ծավալներով և հաճախականությամբ իրականացնելու համար ձեռք է բերվել ևս մեկ լվացքի մեքենա, կառուցվել է չորանոց: Հին ծածկոցներն ու սպիտակեղենը փոխարինվել են նորերով, տեղադրվել են լուսադիոդային լամպեր, կարգավորվել է ջեռուցման համակարգը:
Բակը ևս բարեկարգվել է: Կատարվել է ճանապարհի հարթեցման, ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ, իրականացվել է շաբաթօրյակ, տարածքից հեռացվել է տարիներ շարունակ կուտակված աղբը, տեղադրվել են նոր աղբամաններ:
Շտապօգնության ծառայությունը հասանելի դարձնելու և պատշաճ մատուցելու նպատակով շուրջ երկու ամիս է ավելացվել է ծառայության երկրորդ բրիգադը: Մեկ բրիգադը սպասարկում է Աշտարակ քաղաքի, մյուսը՝ հեռավոր գյուղերի բնակչությանը: Շտապօգնության մեքենաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և որակյալ մասնագետներով:
Վերանորոգվել են հիվանդանոցում առկա անսարք բժշկական սարքավորումները, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում երկու հիվանդասենյակ վերանորոգվել է, որոնցից մեկում կառուցվել է սանհանգույց, ևս մեկում շինարարական աշխատանքները շարունակվում են:
Շրջայց կատարելով հիվանդանոցի մանկական, ծննդօգնության, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքներում, վիրահատարանում և այլ բաժիններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջնահերթ վերազինել և վերանորոգել վիրահատարանը, ապա՝ բաժանմունքներում անմիթար վիճակում գտնվող հիվանդասենյակները:
Քննարկվել են նաև ջեռուցման հին մարտկոցները նորերով փոխարինելու, արևային էներգիայի օգտագործմանն անցնելու նպատակահարմարության հարցերը, որի կապակցությամբ մարզպետը հանձնարարել է հստակ հաշվարկել արդյունավետությունը՝ ներդրման ծախսերը և օգտագործված էներգիայի ակնկալվող խնայողությունների ծավալները:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա տասնօրյակում կրկին հանդիպել և առավել առարկայական մատնանշել խնդիրները, առանձնացնել գործնական քայլերի հաջորդականությունը, վերանորոգման ծավալները և ժամանակացույցը:
Հիվանդանոցում առկա մանր ու մեծ խնդիրները մարզպետարանի և մարզպետի անձնական ուշադրության և մշտական վերահսկողության ներքո են՝ տիրող մթնոլորտից մինչև վերազինում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31