Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին

19.01.2019

  Հունվարի 19-ը Ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան:
  Ռաֆիկ Հակոբյանը հատուկ զինվորական ծառայության մեկնելու համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Զորացրվելուն մնացել էր մեկ ամիս: Ռաֆիկ Հակոբյանը հերոսաբար պայքարել և զոհվել է՝ պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը:
  Հարազատ գյուղում Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ֊-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Կարմրաշեն համայնքի ղեկավար Սամվել Թորոսյանը, հերոսի մայրը, հարազատները, ընկերներն ու համագյուղացիները:
  Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի՝ Ռաֆիկ Հակոբյանի անունը կրող դասասենյակում տեղի ունեցավ բաց դաս, ապա ներկաներն այցելեցին Արցախյան պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Ռաֆիկ Հակոբյանի հուշաքարի մոտ:
   Ռաֆիկ Հակոբյանի շիրմաքարի մոտ մատուցվեց հոգևորական ծես։
  «Կա մի ցավալի ու ծանր ճշմարտություն՝ հողը արյունով են պահում: Մենք խաղաղասեր, կյանքը գնահատող ու մարդուն կարևորող ժողովուրդ ենք: Մենք քոչվոր, նվաճող, ուրիշի հողին տիրացող չենք եղել: Ստացվել է այնպես, որ պատմության բոլոր դրվագներում ստիպված ենք եղել կռիվ տալ մեր իսկ հողի համար և երբ միամտաբար սուրը փոխարինել ենք գրչով՝ կորուստներ ենք կրել: Պետք է մշտապես հիշենք, թե ում շնորհիվ ենք ամուր կանգնած, թե ինչ հերոսների կյանքի գնով ենք մենք ապրում խաղաղ: Ես ուզում եմ, որ միշտ շարժվեք այն գիտակցումով, որ մեր հողն ու ջուրը պաշտպանողը, մեր երկիրը պահողը մենք ենք: Եվ եթե այդ գիտակցումով մենք առաջ գնանք հաստատ ունենալու ենք մեր երազանքների երկիրը՝ ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը: Ես խոնարհվում եմ մեր հողի ու ջրի , մեր երկրի համար կյանքը զոհասեղանին դրած բոլոր հերոսների շիրիմների առաջ: Ես ուզում եմ, որ այլևս ստիպված չլինենք ռազմի դաշտում նոր հերոսներ ունենալ։ Ուզում եմ՝ մեր վաղվա հերոսները լինեն գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում».- ասաց ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
   Հավերժ փառք հերոսների հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35