Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

10.01.2019

   Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատում այսօր՝ հունվարի 9–ին, հանդիսավոր կերպով զինվորական ծառայության են մեկնել 2019 թվականի ձմեռային զորակոչի Արագածոտնի մարզի առաջին նորակոչիկները: Նորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու և պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու նպատակով մարզային զինկոմիսարիատ էին այցելել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարները, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ծնողները, ընկերներն ու հարազատները:
Գրանցումից և բուժզննությունից հետո զինկոմիսարիատի բակում Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովիտի յոթ տասնյակ նորակոչիկներին ողջունել, խորհրդանշական նվերներ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է հանձնել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
    - Սիրելի' նորակոչիկներ, դուք այսօր պատրաստվում եք համալրել հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով մեր երկրի բարձրագույն կոչումներից մեկը՝ հայրենիքի պաշտպանի կոչումը: Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ գնում եք ծառայության այդ հստակ գիտակցումով: Ինձ համար ևս ամենամեծ կոչումը ողջ կյանքիս ընթացքում եղել ու մնալու է ծառայությանս ժամանակ հայոց բանակի շարքային զինվորի կոչումը: Դուք Անդրանիկի,Չաուշի, Արաբոյի, Մախլուտոյի ու Մոնթեի գործի շարունակողն եք: Մեր երկրի խաղաղությունը կախված է ձեզանից: Չեմ կասկածում՝ յուրաքանչյուրդ այնքան հզոր է լինելու, որ թշնամու ծնկները ձեզ տեսնելիս դողալու են: Ես ուզում եմ, որ ծառայության յուրաքանչյուր օրը սկսվի ու ավարտվի ձեր դերի և առաքելության կարևորության գիտակցմամբ: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է զինվորի կյանքն ու առօրյան ավելի լավը դարձնելու համար, քանի որ մեր երկրում ամենակարևոր մարդը հայոց բանակի զինվորն է ու սպան: Վստահ եղեք՝ ձեր թիկունքն ամուր է, երկրում ամեն ինչ խաղաղ է: Ձեզ ճանապարհում ենք երգով, ծափով, ծիծաղով և այդպես էլ դիմավորելու ենք: Բոլորին բարի ծառայություն և խաղաղ երկինք եմ մաղթում: Հարգելի' ծնողներ, խոնարհվում եմ ձեր առջև, դուք պետք է ավելի հպարտ քայլեք, որովհետև ձեր զավակներն այսօրվանից դառնալու են հայրենիքի պաշտպաններ, իսկ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության և խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն է: Աստված բոլորիս պահապան, խաղաղություն Հայոց աշխարհին, բարի ծառայություն: Լավ եղեք,-ասաց մարզպետը:
    Նորակոչիկներին օրհնության խոսք է ուղղել Աշտարակ քաղաքի Սբ. Մարիանե Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ազգագրական և ռազմահայրենասիրական երգերով ողջունել են Մհեր Արմենիան և Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները: Նորակոչիկներին ողջունելու էր եկել նաև 2019 թվականի առաջին զորացրված զինծառայողը:
    Նորակոչիկները նշեցին, որ բարձր տրամադրությամբ և մարտական ոգով են գնում ծառայության, իսկ առաջնագծում հայտնվելու վտանգը իրենց չի վախեցնում, քանի որ քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմանից:
    Նշենք, որ 2019 թվականի ձմեռային զորակոչին ծառայության են մեկնելու այն քաղաքացիները, ում 18 տարին լրացել կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
    Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած ծառայողների զորացրումը կկազմակերպվի մինչև հունվարի 31-ը ներառյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14