Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2018
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2018 թվականը մեր երկրի ու ժողովրդի պատմության համար դարձավ պատմական: Մեր ժողովուրդը գրանցեց ևս մեկ՝ անհնարին թվացող հաղթանակ: Միասնականությամբ, վճռականությամբ ու հավատով հայ ժողովուրդը իրագործեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը և իշխանությունը վերադարձրեց օրինական տիրոջը՝ իրեն:
Հիմա պահն է նույն համախմբվածությամբ և ոգևորությամբ կառուցելու, շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը: Վստահ եմ, որ անցնող տարվա բացառիկ իրադարձության դրական հետևանքները մենք շատ ավելի ուժեղ զգալու ենք գալիք 2019 թվականին: Ամենօրյա նվիրված ու ազնիվ աշխատանքով հերթով լուծելու ենք մեր բոլոր խնդիրները, հասնելու ենք մեր բոլոր նպատակներին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություն բոլոր գործերում: Ցանկանում եմ, որ 2019-ը մեր երկրի համար լինի խաղաղության և նոր հաղթանակների տարի: