Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայր և տեղում լսել բնակիչների պահանջները

23.11.2018

 Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայրի բնակիչները հավաքվել էին Արագածի կենտրոնում՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց ժողովրդին և լսեց նրանց պահանջը:
Մարզպետը կարևորեց տեղում խնդրին ծանոթանալու անհրաժեշտությունը և ասաց. «Ես եկել եմ ձեզ մոտ՝ ձեր պահանջը լսելու և տեղում իրավիճակին ծանոթանալու: Որոշողը դուք եք, քանի որ Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը, ուրիշ ոչ մեկ»:
 Այնուհետև մարզպետը բնակիչներին տեղեկացրեց, որ խնդրի ուսումնասիրության համար էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներից և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով ձևավորելու խնդրանքով պատրաստվում է պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ վարչապետին: «Հանձնաժողովը անաչառ ուսումնասիրություն կկատարի, և եթե դրա արդյունքում հաստատվի այն վարկածը, որն ունեք դուք, ապա այդ ՀԷԿ-երը չեն շահագործվելու, տարբերակ չկա: Իսկ մինչ եզրակացության ստանալը ՀԷԿ-երը կշահագործվեն, թե ոչ՝ կհասկանանք ՀԷԿ-եր այցելելով»- ասաց մարզպետը և բնակիչների ուղեկցությամբ բարձրացավ ՀԷԿ-երի տարածք՝ որոշում կայացնելու:
 Արագածի ՀԷԿ-երի տարածքում բնակիչները մարզպետին ներկայացրին ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով գետային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, բնակչության սոցիալական վիճակի և կյանքի որակի վրա ունեցած բացասական ազդեցությունը: Մարզպետը նկատեց, որ ջրի արտաքին տեսքն արդեն իսկ վկայում է որակական շեղման մասին և բնակիչներին հայտնեց, որ ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ ոչ մեկը առարկություն չունի, սակայն դա չի կարող հակասել համայնքի շահերին: Ժողովրդի որոշմամբ` ՀԷԿ-ի գործունեությունը դադարեցվեց հենց այդ պահից, ինչի մասին տեղեկանալով՝ ՀԷԿ-ի տնօրենը առարկություն չարեց:
 Մարզպետը բնակիչների հետ բարձրացավ նաև վերևի տարածք, որպեսզի պարզի՝ ջուրը խողովակներով է շարունակում հոսել, թե բնական ճանապարհով: «Իմ կարծիքով պետք է ջուրը ոչ մի մետր խողովակով չհոսի, ինքն իր բնական ճանապարհով մաքրվելով պետք է գա, որ համոզվենք և ապացուցենք, որ մենք ճիշտ ենք»- ասաց մարզպետը:
  Մարզպետի և համայնքի բնակիչների գործնական քայլերի արդյունքում ՀԷԿ-ի գործարկումը ներկայումս դադարեցված է: Համայնքի առջև տասը տարի շարունակ օրհասական դարձած խնդրին վերջնական լուծում կտրվի մասնագիտական փորձաքննության արդյունքները ստանալուն պես:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06