Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

20.11.2018

  ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետը նշեց, որ սա այս ձևաչափով առաջին հանդիպումն է տնօրենների հետ, և անկեղծ ու գործարար զրույցի միջոցով քննարկվելու են նոր իրավիճակում կրթության ոլորտի պատասխանատուների դերն ու անելիքները:
   -Պետության հիմքերի ամրությունը կախված է ձեզանից: Թե ինչ պետություն կունենանք վաղը, կախված է նրանից, թե ինչպիսի սերունդ ենք մենք կրթում այսօր.-ասաց մարզպետը և հավելեց, որ շատ երևույթների նորովի մոտենալու կարիք ունենք՝ իհարկե, չանտեսելով տարիների ձեռբերումները:
    Մարզպետն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ արտաքին և ներքին գործընթացների մեջ լինենք, մեր ազգային ինքնությունը չի փոխվելու: Հայ ժողովուրդը պատմության քառուղիներով եկել և հասել է մի կետի, որ այլևս կորցնելու ոչինչ չունի: Մենք չհաղթելու իրավունք չունենք, և այդ հաղթանակների կրողը այսօրվա սերունդն է լինելու:
  Մարզպետն անդրադարձ կատարեց նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա նշեց, որ կուսակցություններն անվերադարձ դուրս են եկել դպրոցից, և տնօրեններին հորդորեց բացառել քաղաքական գործընթացներում պաշտոնական դիրքի չարաշահման որևէ փորձ: Խոսելով կրթության ոլորտում առկա խնդիրների մասին՝ մարզպետը նշեց, որ կառավարությունը չի կարող սարեր շրջել, բայց լավ ծրագրեր շատ կան, որոնք քայլ առ քայլ պետք է իրականացվեն: Նա ասաց, որ ուսուցչի գործը սուրբ առաքելություն է և մենք համատեղ շատ բան ունենք անելու, որպեսզի վերականգնվի ուսուցչի դերն ու հեղինակությունը:
  Ուսուցիչների թափուր տեղերի մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զեկուցեց մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանը: Նա տնօրեններին հորդորեց անաչառ մոտեցում ունենալ մրցույթների բոլոր մասնակիցների նկատմամբ և մրցույթների արդյունքում ընտրել արժանավորին:
  ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը դպրոցների տնօրեններին տեղեկացրեց պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնական դրույթների մասին և կոչ արեց համագործակցել այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
  Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Սիմոնյանը զեկուցեց հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության և դպրոցների խորհուրդների կարգի փոփոխության, 2019 թվականին հանրակրթական դպրոցների ֆինանսավորման և ուսուցչական դրույքաչափերի նոր մոտեցման, ԿՏԱԿԻ Emis.am ծրագրի՝ մարզի դպրոցների կողմից ներմուծված տվյալների ճշգրտման մասին:
  Հնչեցին մի շարք հայտարարություններ:
  Այնուհետև մարզպետը սպառիչ պատասխաններ տվեց տնօրենների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին ջեռուցման ֆինանսավորմանը, լիցենզավորմանը, տնօրենների մրցույթների կազմակերպմանը, դպրոցական խորհուրդների գործունեությանը և այլ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17