Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Արագածավան խոշորացված համայնք, Թլիկ և Դաշտադեմ համայնքներ

18.11.2018

  ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը բնակիչներին հանդիպելու և համայնքում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով աշխատանքային այց է կատարել Արագածավան խոշորացված համայնք (Արագածավան, Արտենի, Լուսակն, Գետափ բնակավայրեր), Թլիկ և Դաշտադեմ համայնքներ։
  Բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ որպես մարզպետ առաջին անգամ է գտնվում նշված համայնքներում, սակայն իր այցելությունները կրելու են շարունակական բնույթ:
Մարզպետը շրջել է Արագածավան խոշորացված համայնքի բոլոր չորս բնակավայրերում, լսել է բնակիչներին, ներկայացրել է համայնքի զարգացման իր տեսլականը, պատկերացումները և պատասխանել է բարձրացված հարցերին:
 Արագածավան համայնքում խմելու և ոռոգման ջրամատակարարումն ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից է: Մարզպետն ասաց, որ տարիներ շարունակ ջրային ռեսուրսնեը բաշխվել են անարդյունավետ, սակայն այլևս այդ կերպ չի շարունակվելու, վերջ է տրվելու ավանդույթ դարձած ջրագողությանը:
  -Հայաստանում կա բավարար ջուր՝ և՛ խմելու, և՛ ոռոգման: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ինչքան ջուր ունենք, իմանանք, թե մեր ջրային կադաստրն ինչ տեսք ունի: Այնուհետև որոշելու ենք, թե ջուրն ինչպես պետք է բաշխենք, իսկ ջրի սակագինը պետք է լինի ոչ թե բարձր կամ ցածր, այլ՝ արդարացված,- նշեց մարզպետը:
Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարին մարզպետը հանձնարարեց ջրային խնդրի լուծման համար հիմնավորված առաջարկություններ ներկայացնել մարզպետարան:
  Մարզպետը շրջել է Արագածավան խոշորացված համայնքի երեք դպրոցներում և տնօրեններին հանձնարարել է յուրաքանչյուր դասասենյակ ապահովել բավարար ջերմաստիճանով: Նա նկատեց, որ երկու դպրոցներում վերանորոգման կարիք կա և նշեց, որ մոտ ապագայում կզբաղվի դպրոցների վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման հարցով:
  Հաջորդ կարևոր խնդիրը համայնքի գազաֆիկացումն էր, որի կապակցությամբ մարզպետը նշեց, որ այն համայնքներում, որտեղ գազաֆիկացման ցանցի կառուցումը արդարացված է, պետք է կատարել անհրաժեշտ հաշվարկներ և գործընթացին ընթացք տալ:
Բարձրացվեցին նաև գյուղատնտեսական վարկավորման, բերքի մթերման, հակակարկտային միջոցառումների, փոխհատուցման սկզբունքների, տրանսպորտի վերաբերյալ հարցեր, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, ներկայացվեց ամեն խնդրի լուծման տարբերակը, միջոցներն ու քայլերի հաջորդականությունը։
Մարզպետը նշեց, որ իր համար սկզբունքային հարց է Արագածոտնի մարզում արդարության, օրինականության և հավասարության վերականգնումը, ներդրումների ներգրավումը և ազատ ու ժողովրդավարական կարգերի պահպանումը:
  -Այսօր ես ձեզ հետ շփվելու եմ մարզպետի կարգավիճակում, եկել եմ ձեր դարդ ու ցավին տեղում ծանոթանալու համար: Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ այն ինչին մենք հասել ենք համատեղ ուժերով, մեր ջանքերով, մեր զրկանքներով և այն ձեռքբերումը, որն ունի ժողովուրդը, այլևս ոչ մեկ չի կարող խլել ժողովրդից: Կլինի համայնքի խնդիր, քաղաքական գործընթաց, թե սովորական աշխատանքային օր, իմացեք, որ ցանկացած հարցում, իշխանությունը պատկանում է ձեզ, և թե ինչ երկրում ենք մենք ապրելու վաղը, որոշելու եք դուք: Համայնքի ղեկավար, մարզպետ, նախարար, ցանկացած այլ պաշտոնյա պարտավոր է ծառայել ձեզ: Ես ոչ թե այս մարզի իշխանն եմ, այլ ձեզ ծառայելու համար եմ այստեղ: Մենք մեր ուղենշած ճանապարհի քարերը հերթով հեռացնելու ենք, ու ես ուզում եմ դուք մի բան լավ իմանաք` մենք չլուծվող հարցեր չունենք, գողացված ամեն բան վերադարձվելու է իր տեղը ու քանդվածի փոխարեն ավելի լավն է կառուցվելու։ Եվ ամենակարևորը. ինձ հարցնում են՝ ձեզ է՞լ հավատանք, ժամանակին շատերին ենք հավատացել: Ոչ մեկին մի՛ հավատացեք, հավատացե՛ք միայն ձեզ, որովհետև որոշողը դուք եք: Մենք ձեզ չենք խոստանալու, որ մեկ օր հետո սարեր ենք շուռ տալու: Չէ՛, մի խնդիրը լուծվելու է մեկ օրում, մյուսը՝ տաս օրում, մեկը՝ մի ամսում կամ մի քիչ ավելի երկար ժամանակում, կարող են լինել հարցեր, որոնց լուծումը իրատեսական չէ, բայց մենք ձեզ հետ լինելու ենք ազնիվ: Այլևս Հայաստանում չկան օրենքից վեր մարդիկ, իսկ ով չի ընկալի այս իրականությունը, իր մաշկի վրա կզգա պետության հզոր ուժը, քանի որ պետության գլուխը ժողովուրդն է, իշխանությունը ժողովրդինն է: Մեր մարզն ունի ներդրումների, նոր աշխատատեղերի բացման կարիք: Հնարավոր չէ ունենալ կայուն և հզոր պետություն սոցիալապես վատ ապրող հասարակությամբ: Գյուղացին այսօր խնդիր ունի իր բերքն ու բարիքը իրացնելու: Ես իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից սկսել եմ հանդիպումներ թե՛ դրսում, թե՛ մեր երկրում ապրող, ծնունդով մեր մարզից գործարարների հետ՝ նոր աշխատատեղեր, արտադրամասեր և ձեռնարկություններ բացելու համար, և արդեն իսկ կան արձագանքներ,- ասաց մարզպետը:
  Արագածավան համայնքի բնակավայրերում բնակիչների կողմից հնչեցին նաև խոշորացմանը վերաբերող հարցեր: Մարզպետը բնակիչներին բացատրեց համայնքների խոշորացման բուն էութունը, նպատակը և դրա ընձեռած հնարավորությունները՝ միաժամանակ նշելով, որ խոշորացման գործընթացն այժմ կասեցված է, պետք է վերլուծել խոշորացման առաջին փուլի խնդիրները և ուղղել սխալները:
 Այնուհետև մարզպետն այցելեց Թլիկ համայնք, որտեղ հնչեցին ջրամատակարարման, դպրոցի վերանորոգման և բուժկետի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: Մարզպետը տեղեկացրեց, որ Թլիկի ջրամատակարարման խնդրի լուծումն արդեն իսկ ընթացքի մեջ է, որի ավարտից հետո անդրադարձ կկատարվի մյուս խնդիրներին:
 Դաշտադեմ համայնքի բնակիչների հետ քննարկվեցին դպրոցի վերանորոգման, ջրամատակարարման, կոյուղու կառուցման վերաբերյալ հարցեր: Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրեց համայնքում ներդրումներ կատարել ցանկացող գործարարների հետ բանակցությունների ընթացքը: Մարզպետը նշեց, որ անչափ կարևոր է պետություն-համայնք-մասնավոր հատված փոխգործակցության ապահովումը:
 Օրվա ավարտին մարզպետն այցելեց Դաշտադեմի ամրոց, ծանոթացավ ամրոցում կատարված պեղումների և բարեկարգման աշխատանքների արդյունքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35