Նորություններ
Արագածոտնի մարզում նշվեց «Բերքի տոնը»
08.11.2018
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցեց «Բերքի տոն» միջոցառմանը:
Արագածոտնի մարզի 14 դպրոցներ ներկայացրին իրենց համայնքին բնորոշ կերակրատեսակներ, հանդես եկան գյուղական կյանքը և սովորույթները բնութագրող բեմադրություններով, ասմունքով, երգ ու պարով:
Մարզպետը շրջեց բոլոր դպրոցների տաղավարներով, զրուցեց դպրոցականների և ուսուցիչների հետ, ապա իր ողջույնի խոսքում անդրադարձավ ազգային արժեքներն ու սովորույթները արտացոլող միջոցառումներին երեխաների ներգրավվածության կարևորությանը:
Մարզպետը նշեց, որ ավելի մոտ է կանգնած լինելու բնակիչներին, ականջալուր է լինելու յուրաքանչյուրի խնդրին, և նոր Հայաստանում ժողովուրդն է երկրի տերը, ուստի միասին՝ համատեղ աշխատանքով ու նվիրումով, կառուցելու ենք մեր երազած հայրենիքը՝ հաստատելով արդարություն և օրինականություն, իսպառ վերացնելու ենք կոռուպցիոն ցանկացած դրսևորում:
Միջոցառման կազմակերպմանը ակտիվ մասնակցության և ըստ արժանվույն ներկայանալու համար մասնակից դպրոցները մարզպետի կողմից արժանացան հուշանվերների և պատվոգրերերի: