Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

26.10.2018

   Հոկտեմբերի 26-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը, որն առաջինն էր մարզպետ Դավիթ Գևորգյանի պաշտոնավարման ընթացքում:
   Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց, որ մարզում առաջնահերթ խնդիր է արդարության, օրինականության և հավասարության վերականգնումը, ինչի պակասը ոչ միայն մարզում, այլև ողջ Հայաստանում ակնհայտ է գրեթե բոլոր ոլորտներում:
     -Ես լիահույս եմ, որ այս դահլիճում չկա մեկը, ով կողմնակից չէ արդարության և օրինականության վերականգնմանը, և չեմ ուզում մտածել, որ կա մեկը, ով կարծում է, թե ամեն ինչ լավ է եղել մեր երկրում,-ասաց մարզպետը: Նա նշեց, որ այս տարվա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ են կայանալու, և համայնքապետերին հորդորեց բացառել նոր իրավիճակում կուսակցական որևէ գործունեության դրսևորում, պաշտոնական լծակների չարաշահում: Սա հստակ պահանջ է, և այս մասով անզիջում մոտեցում է լինելու յուրաքանչյուր պարագայում:
     Մարզպետն ընդգծեց, որ համայնքներում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան: Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել համայնքի բնականոն գործունեությունը, ականջալուր լինել բնակիչների բարձրացրած բոլոր խնդիրներին: Դրանց լուծման համար համայնքապետը պետք է նախաձեռնություն ցուցաբերի, դրանք ներկայացնի համապատասխան ատյաններին: Բոլոր խնդիրները պետք է լուծել, բայց դրա համար ժամանակ է պետք: Եվ այս առումով ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել, նրանց հետ պետք է զրուցել, բացատրել խնդիրների լուծման ողջ մանրամասները:
    Մարզպետը խոսեց նաև համայնքներում առողջ մթնոլորտի ձևավորման, խնդիրներին անաչառ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Նա հորդորեց համայնքները զերծ պահել կուսակցականացնելուց, հասարակությունը տարանջատելուց:
     Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ նախորդ մարզխորհրդի նիստում ևս այս մասին զեկուցվել է, տրվել են հանձնարարականներ, սակայն էական փոփոխություն չի նկատվում: Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ համայնքապետերը պատասխանատու չեն իրենց պատվիրակված լիազորությունների նկատմամբ: Նա առանձնացրեց ամենացածր և բարձր արդյունքներ գրանցած համայնքները և նշեց, որ մարզի ընդհանուր ցուցանիշն ապահովվում է հիմնականում՝ ի հաշիվ քաղաքային համայնքների և գյուղական խոշոր համայնքների արդյունքների:
   Հարցի շուրջ իրենց տեսակետերն արտահայտեցին համայնքապետերը՝ ներկայացնելով հիմնավորումներ: Անդրադառնալով խնդրին՝ մարզպետը հորդորեց, որպեսզի յուրաքարնչյուրն իր տեղում լուրջ աշխատանք տանի և շատ կարճ ժամանակում դրական արդյունք ապահովի:
  Աղբահանության կազմակերպման գործընթացի մասին զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը: Նշվեց, որ մարզն իր մասնակցությունն է ունեցել համապետական շաբաթօրյակներին, անց է կացվել սանիտարական միամսյակ:
   Անդրադառնալով համայնքներում աղբահանության կազմակերպմանը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը ընդգծեց, որ այս մասով կառավարությունը հստակ ծրագիր ունի, համաձայն որի հանրապետությունում կառուցվելու են մի քանի մեծ աղբավայրեր, որոնցով էլ ապահովվելու է գործընթացի ճիշտ և կանոնակարգված կազմակերպումը:
    Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Իշխան Բարսեղյանը զեկուցեց ներդրումային ծրագրերի իրականացման, սուբվենցիաների տրամադրման գործընթացի արդյունքների մասին:
       Սուվբենցիայի տրամադարման ծրագրին մարզի 72 համայնքից մասնակցել է 21-ը, որից 4-ը՝ խոշորացված համայնքներ են: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 37 հայտ, որից հոկտեմբերի 24-ի դրությամբ հավանության է արժանացել 24-ը:
       Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդգծեց, որ սուբվենցիոն ծրագիրը իրական հնարավորություն է համայնքներում առկա առաջնային խնդիրները լուծելու համար: Նա համայնքապետերին հորդորեց լիարժեք օգտվել համայնք-կառավարություն-մասնավոր հատված եռակողմ համագործակցության ընձեռած այս հնարավորությունից:
    Տեղեկացվեց նաև, որ մարզում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Արագածոտնի» խորագրով բիզնես-ֆորում, որի նպատակն է Արագածոտնի մարզի ներդրումային ներուժի ներկայացումը, մարզում տնտեսական ակտիվության խթանումը, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
     «Իմ քայլը հանուն Արագածոտնի» ծրագրի կապակցությամբ մարզպետն առաջարկեց կապ հաստատել այլ համայնքներում կամ արտերկրում գործարարությամբ զբաղվող հայրենակիցների հետ, ներկայացնել երկրում առկա նոր իրավիճակը և համագործակցության առաջարկներ կատարել: Նա պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցել համայնքների ղեկավարներին, ապահովել համագործակցված և արդյունավետ աշխատանք:
      Մարզխորհրդի նիստի ավարտին մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանը մասնակիցներին հայտնեց, որ մարզպետարանը նախաձեռնել է լիակատար աջակցություն ցուցաբերել այն անձանց, ովքեր սոցիալական տարբեր պատճառներով չունեն ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու հնարավորություն: Այժմ նախաձեռնության շահառուներն են Աշտարակի տարածաշրջանի համայնքները, սակայն, առաջիկայում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:
    Հնչեցին նաև հայտարարություններ զինակոչի նախապատրաստության գործընթացում ՏԻՄ-երի հետ համագործակցության կարևորության, կրթության կազմակերպման և գյուղատնտեսության սուբիդավորման ծրագրերի վերաբերյալ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14