Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին

17.10.2018

Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզպետարանում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին:
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին: Այս նշանակումը նա կարեւորեց նրանով, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են ձեւավորվել, եւ Դավիթ Գեւորգյանը կանգնած է եղել թավշյա հեղափոխության ակունքներում՝ ունենալով նոր Հայաստանի իր հստակ տեսլականը:
- Դավիթ Գեւորգյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար է եղել, եւ այդ ընթացքում նրա մասին միայն դրվատանքի խոսքեր կարող եմ ասել,-ասաց նախարարի պաշտոնակատարը,-իր առջեւ դրված խնդիրներին նա մոտեցել է պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն հասել դրանց լուծման տրամաբանական ավարտին:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին: Նա վստահություն հայտնեց, որ երիտասարդական ավյուն ունեցող մարզպետը լինելու է օրինականության եւ արդարության պահպանման ջատագովը եւ մարզպետարանի աշխատակազմին ու մարզային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հորդորեց միասնական լինել եւ նպաստել Արագածոտնի մարզի զարգացմանը:
Մարզպետ Դավիթ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին եւ ողջ քաղաքական թիմին՝ իրեն ցուցաբերած վստահության համար եւ հավաստիացրեց, որ պատրաստ է գիշեր ու զօր աշխատել՝ մարզում կուտակված խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ ինչպես այլ մարզերում, այստեղ էլ խնդիրները երկու մասի են՝ արդարության եւ օրինականության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:
-Վստահ եմ, որ երկու մասով էլ մարզպետարանը էական անելիքներ ունի,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ հավաստիացրեց, որ համատեղ լուծելու են իրենց առաջադրված խնդիրները, եւ թավշյա հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեցող հասարակությունը հուսախաբ չի լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34