Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի խոսքը մարզպետարանի աշխատակազմին և մարզի բնակիչներին

03.10.2018


Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը:
Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև Երկրիս զարգացման համար:
Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու:
Կարծում եմ, որ հաջողել եմ, և դրա վկայությունը նաև այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:
Ուրախ եմ, որ դեռևս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաև հասարակության կամքը:
Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ և աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների և գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:
Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով:
Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:
Խաղաղություն Երկրիս, և Աստված պահապան մեզ բոլորիս:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31