Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշակույթի նախարարի այցը Արագածոտնի մարզ

21.08.2018

Օգոստոսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոխնախարար Տիգրան Գալստյանի եւ նախարարի խորհրդական Ռաֆիկ Մովսիսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ: Մարզի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ այցը ճանաչողական է եւ նպատակ ունի ի մի բերել մարզի մշակույթի ոլորտում առկա խնդիրները:
Նախարարը շրջայց կատարեց մարզկենտրոն Աշտարակի եւ տարածաշրջանի պատմամշակութային օջախներ: Առաջին կանգառը Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում էր: Նա ծանոթացավ թանգարանի ցուցադրություններին, տեղեկացավ, որ թանգարանում տարաբնույթ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք միտված են ազգային ավանդույթների ու ծեսերի պահպանմանը, ազգագրական մշակույթի զարգացմանը: Թանգարանում առկա մի շարք խնդիրների մեջ առանձնացվեցին հին, կոլորիտային կառույցի պահպանման խնդիրը, փայտյա պատշգամբների հիմնանորոգման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորեց նշված հարցերի մասին առաջարկություն ներկայացնել նախարարություն:
Լիլիթ Մակունցն այցելեց նաեւ թանգարանի հարակից տարածքում գտնվող 7–րդ դարի կառույց Սուրբ Կարմրավոր եկեղեցի: Բակում նախարարին ուրախությամբ դիմավորեցին ուխտավորները եւ նրա հետ կիսվեցին իրենց հուզող հարցերով:
Այցելություն կատարվեց Աշտարակի մշակույթի տուն: Շուրջ 79 տարվա պատմություն ունեցող կառույցը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թվականների վերջին: Մշակույթի տունն արտաքնապես լավ պահպանված է: Նախարարին ներկայացվեցին այստեղ առկա մի շարք խնդիրներ, որոնց թվում՝ լուսային եւ ձայնային հանդերձանքների արդիականացումը, տանիքի եւ պատուհանների վերանորոգումը եւ այլն:
Նախարարն այցելեց նաեւ Աղձքի Արշակունիների դամբարան, ուր ամփոփված են հայ Արշակունի թագավորների աճյունները։ Նախարարը տեղեկացավ, որ 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող համալիրում ներկայումս պեղումների մեծածավալ ծրագիր է իրականացվում, եւ այն զբոսաշրջության համար մեծ հեռանկարներ ունի:
ՀՀ մշակույթի նախարարության պատվերով վերանորոգման ծրագիր է իրականացվում 10-րդ դարի կառույց Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցում: Նախարարը ծանոթացավ առ այսօր իրականացված աշխատանքներին, դրա հետ կապված մի շարք դիտարկումներ կատարեց եւ ցուցումներ տվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17