Նորություններ
Հ Հ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
28.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Այսօր տոն է Հայոց աշխարհում: Մեծագույն հպարտությամբ ու ոգեւորությամբ մենք նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակը եւ Մայիսյան հերոսական հաղթանակների տոնը: Հաղթանակներ, որոնք սկիզբ են առել Ավարայրի ճակատամարտից եւ շարունակվել ու հասել մինչեւ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան եւ, ի վերջո՝ Սարդարապատ:
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը ճակատագրական նշանակություն ունեցավ մեր հայրենիքի համար: Այդ պատմական իրադարձությամբ իրականություն դարձավ մեր պապերի դարավոր երազանքը` ունենալ ազատ եւ անկախ Հայաստան:
Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման եւ պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը:
Հայ ժողովրդի Մայիսյան հաղթանակների երթն իր շարունակությունն ունեցավ մեր օրերում` Արցախյան հերոսամարտում, որի ռազմական հաղթակամարը դարձավ Շուշիի ազատագրումը: Մեր ժողովրդի միասնականության փառահեղ ոգին, երիտասարդ հայորդիների հայրենապաշտության ու հայրենասիրության անգերազանցելի զգացողությունը մեկ անգամ եւս դրսեւորվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում:
Սիրելի՛ հայրենակիցներ, վերստին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Թո՛ղ որ հարատեւ եւ անկասելի լինի անկախության մեր այս երթը, եւ թո՛ղ որ հավերժ խաղաղություն տիրի Հայոց աշխարհում: