Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Արագածոտնում

28.05.2018

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Հուշահամալիրը կառուցված է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:
Տոնակատարությանը ներկա էին հանրապետության, մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից:
Միջոցառումն սկսվեց Ապարանի հրապարակից, որտեղ ներկաները ծաղիկներ զետեղեցին քաղաքապետարանի բակում տեղադրված՝ հրամանատարներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիներին: Այնուհետեւ բազմությունը երթով շարժվեց դեպի հուշահամալիր, ուր եւ ծավալվեց գլխավոր արարողությունը:
Ներկաները հիշատակի տուրք մատուցեցին այստեղ հանգչող Արցախյան պատերազմում զոհված ապարանցի ազատամարտիկների եւ Դրոյի շիրիմներին: Այնուհետեւ հուշարձանի մոտ բեմահարթակը տրամադրվեց հանդիսավոր եւ գեղարվեստական մասի մասնակիցներին:
Հնչեցին ելույթներ, որտեղ կարեւորվեց 1918 թվականի մայիսի 28-ին անկախ Հայաստանի Հանրապետության ճակատագրական նշանակությունն ու պատմական դերը:
Հանրապետության ճանաչված արտիստների, երաժշտական համույթների կատարմամբ հնչեց ազգային հայրենասիրական երգ-երաժշտություն:
Տոնախմբության բաղկացուցիչ մասը բացօթյա հյուրասիրությունն էր, որտեղ ապարանցիները ցուցաբերեցին իրենց ավանդական ծեսերն ու սովորույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31