Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24.04.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Համայն հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն նահատակների հիշատակի առջեւ:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործվեց մարդկության դեմ մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը: Ժամանակին քաղաքակիրթ աշխարհի կողմից ցեղասպանությունը չկանխվեց, չճանաչվեց ու չդատապարտվեց: Այդպիսով նորագույն պատմության մեջ նորանոր ցեղասպանություններ եղան: Ցավոք, այսօր էլ շարունակվում է մարդկության հանդեպ նման եղեռնագործությունների շղթան՝ ծնելով նորանոր ոճիրներ ու ցնցումներ:
Այսօր առավել, քան երբեւէ, կարեւորվում է 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջը: Երկրի արտաքին քաղաքականության առաջնակարգ խնդիրներից մեկը Հայ դատի արդարացի լուծման հարցն է, որն այսօր առավել վճռականորեն եւ հաստատակամորեն է հնչում միջազգային ամենաբարձր ատյաններում: Դրա լավագույն դրսեւորումը թերեւս այն է, որ վերջին տարիներին ընդլայնվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող պետությունների աշխարհագրությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը եւ վերահաստատում մեր պատմությանը ազգովին տեր կանգնելու, մեր պահանջատիրական ձայնը լսելի դարձնելու ձգտումը: