Նորություններ
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հանդիպել է Արագածոտնի մարզի բուժաշխատողների հետ
19.04.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ապրիլի 17-ին հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման շնորհիվ 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով։ Նա բժիշկներին հորդորել է ծնողներին երբեք չպարտադրել, այլ համոզիչ փաստարկներով և թվերով ներկայացնել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ինչպես ԱԱՊ օղակի բարեփոխումների տեսլականը, այնպես էլ ոլորտում իրականացվող այն ծրագրերը, որոնց շնորհիվ առաջիկայում կբարելավվեն մատուցվող բժշկական ծառայությունների որակը և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը։