Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապահովել ենք սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ` 23%-ով ավելի, քան անցած տարի. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

06.04.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Ապրիլի 6-ին նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը:
Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել:
Նա նշեց, որ մարզում առկա խնդիրները բազմաբնույթ են, և իրականացնում են այդ խնդիրների լուծմանը միտված ծրագրեր: «2017 թվականին բավական դրական տեղաշարժեր կան` շատ ցուցանիշների առումով: ,,Մենք 2017-ին մարզում ապահովեցինք սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ, որը, 2016-ի համեմատ, մոտ 23 տոկոսով ավելի է: Շատ լավ գիտակցելով և կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ու արդյուանավետ ծախսման գործընթացը համայնքային տեղական բյուջեներում` մենք կարևորեցինք այդ աշխատանքը, արդյունքը գոհացուցիչ է: Բարեփոխումների և մեր հետագա աշխատանքների ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք ոլորտներում որդեգրել և ունեցել ենք հստակ ձևակերպված ծրագրեր, որոնք ներառեցինք 2018 թվականի աշխատանքային գործունեության մեջ»,- ասաց Սիմոնյանը:
Մարզպետի խոսքով` ոլորտներում առկա խնդիրների լուծման համար մարզպետարանն ունի իր հստակ պատկերացումները: «Այդ պատկերացումները թղթին հանձնելով` փորձելու ենք քայլ առ քայլ իրականացնել և լուծել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ, կախված տարբեր հանգամանքներից, տարածքային կառավարման ամբողջ համակարգում առկա են եղել»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ գլոբալ առումով մոտեցումը այն է, որ եթե ՀՀ-ն որդեգրել է առաջանցիկ տեմպերով զարգացման ուղին, այդ ուղու մեջ պետք է դերակատարություն ունենա նաև մարզը, համայնքը: «Գաղափարը հիմնականում սա է, որ տարածքները պետք է հավասարաչափ զարգանան, որպեսզի ՀՀ-ն չունենա գերկենտրոնացված մայրաքաղաք, որտեղ կենտրոնացված է արդյունաբերության, առևտրի, շինարարության զգալի մասը, կենտորնացված է նաև ՀՆԱ-ի գերակշիռ մասը: Մարզերը պետք է ևս հավասարաչափ զարգանան` ապահովելով հավասարության, աղքատության, տարբեր տիպի սոցիալական խնդիրների լուծում»,- ասաց նա:
Մարզպետը տեղեկացրեց, որ մարզի արտադրանքի` առանձին ճյուղերում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի տեսակարար կշիռը մոտ 2,3 անգամ ավելի է, քան հանրապետական միջին ցուցանիշը: «Շինարարության ոլորտում, համեմատած 2016 թվականի հետ, բավականին տեղաշարժ կա, այդ ցուցանիշը մոտ 1.4 անգամ գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշը` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվով: Ե'վ շինարարության, և' գյուղատնտեսության մեջ մենք ՀՆԱ-ում ևս 2017-ին` առաջինի դեպքում մոտ 4.2%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտում մոտ 8% ՀՆԱ-ում աճ ունենք արձանագրած»,- ասաց նա և հավելեց, որ 2018-ի համար դրել են ավելի բարձր նշաձող:
Սիմոնյանի խոսքով` եթե 2017 թվականին մասնավոր հատվածից մոտ 22.5 մլրդ դրամի ներդրում եղավ մարզի ընդհանուր տնտեսության մեջ, ապա 2018 թվականի աշխատանքային պլանում այդ թիվը կկազմի 45 մլրդ դրամ, այնսինքն` թիվը պետք է կրկնապատկեն:
«Կարող եմ ասել` ֆինանս հայթայթելը մեզ մոտ խնդիրներից թիվ մեկը չէ, թիվ մեկ խնդիրը մրցունակ, ժամանակակից պահանջներին համապատասխան, հստակ հիմնավորված ներդրումային ծրագիր ներկայացնելն է` քիչ, թե շատ ընդունելի տոկոսաչափով, շահաբաժին ապահովող հստակ ներդրումային ծրագրեր իրականացնելն է: Եթե գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքաշինության, ցանկացած բնագավառում ունենանք հստակ ձևակերպված, թղթին հանձնված ծրագիր, տեսլական, որը տնտեսական առումով հիմնավորված է, ֆինանսավորում, ներդրում գտնելն ավելի հեշտ խնդիր կլինի, և պետք է ուղիները հասկանալ, թե որտեղ են ներդրումներ պահանջվում»,- նշեց մարզպետը:
Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ մարզում տարբեր ոլորտների զարգացմանը: Նա խոսեց գյուղատնտեսության, աղբահանության, ճանապարհաշինության, զբաղվածության խնդիրների մասին:
Նրա խոսքով` Արագածոտնը գյուղատնտեսական մարզ է, և մարզի համախառն ներքին արտադրանքի 30 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսական արտադրանքին: «Ավելին` Հայաստանի պտղի 50 տոկոսն Արագածոտնի մարզում է արտադրվում, ներդրումների գերակշիռ մասը գյուղատնտեսության ոլորտում է հենց իրականացվում»,- ասաց մարզպետը:
Ըստ նրա` կառավարության ծրագրի համաձայն, 2017-ին մոտ 32 հա ժամանակակից ինտենսիվ այգի է հիմնվել, ինչի համար մոտ 3,2 մլրդ դրամի ներդրում է կատարվել: «2018 թվականի ծրագրով 120 հա այդպիսի այգի պետք է հիմնենք, որից 32 հա-ն այս պահին ամբողջությամբ պատրաստ է, մնացած մոտ 100 հա-ի վրա կատարվում են նախնական աշխատանքներ` աշնանը պատրաստ լինելու համար»,- տեղեկացրեց Սիմոնյանը:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին` նա ասաց, որ 2017-ի սկզբին մարզում գործել է 136 աղբավայր: «Հիմա մենք ունենք 11 գործող աղբավայր: 2017 թվականին աղբահանության վրա ծախսել ենք մոտ 145 մլն դրամ: Աղբահանության և սանիտարական մաքրման համար հավաքագրել ենք 45 մլն դրամ: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ աղբահանությունը պետության կողմից իրականացվող ֆունկցիա լինի, դա վճարովի ծառայություն է: Դրել ենք աղբահանության գանձման մեխանիզմ և այս տարի ապահովելու ենք 100% ինքնածախսումով աղբահանություն»,- ասաց մարզպետը, ապա հավելեց, որ ֆինանս ունենալը, տեխնիկա ունենալը և աղբահանություն իրականացնելը մեկ բան է, այլ բան` երբ քաղաքացին գիտակցի` չի կարելի փողոցը կեղտոտել:
Սիմոնյանը նաև ասաց, որ Իրանի ՀՅԴ կառույցից օգնության կարգով տրամադրելու են աղբահանության 3-4 մինի մեքենաներ:
Ինչ վերաբերում է ճանապարհային խնդիրներին, ապա մարզպետը նշեց, որ երեք տեղ կա մարզում, որ ճանապարհները ծայրահեղ վատ վիճակում են, երեքն էլ` Ապարանի տարածքում: «Ճանապարհները 30 տարուց ավելի վերանորոգված չեն: Մեր` 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի մեջ ներառել ենք, բայց այս տարվա բյուջեով 3 ճանապարհները բարենորոգելու հնարավորություն չունենք, դա ոչ թե մի քանի միլիոնի ծախս պահանջող ծրագրեր են, այլ միլիարդը գերազանցող: Քննարկում ենք այլընտրանքային եղանակներով միջհամայնքային ճանապարհների վերանորոգման հարցը: Այս տարի կլուծենք մեկ ճանապարհի խնդիր, որը Թալինում է: Ասիական զարգացման բանկի կողմից արդեն ֆինանսավորվում է: Մրցույթները շահող կա, աշխատանքներն այնտեղ սկսվել են: Նշված երեքի խնդիրները կփորձենք լուծել 2019 կամ 2020 թվականներին»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ ամենակարևորը զբաղվածության խնդրի լուծումն է, որի ուղղությամբ էլ են աշխատանքներ տարվում: «Օրինակ` Թալինում ունեցել ենք ադամանդի վերամշակման գործարան, որը ապահովել է շուրջ 1000 աշխատատեղ: Այդ գործարանն ամբողջությամբ պահպանված է, սարքավորումները տեղում են: Այստեղ ադամանդի հումքը Հայաստան բերելու խնդիր ունենք: Բանակցում ենք ռուսական ընկերության հետ, որը մեր տարածաշրջանում հումք մատակարարողն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` մինչև տարվա առաջին կեսը կունենանք այն խմբաքանակը, որը գոնե 2-3 հարյուր աշխատեղ կապահովի: Այսինքն` Թալինում 3 հարյուր աշխատատեղ ապահովող գործարան ենք վերագործարկում, դա բավականին լուրջ` զբաղվածություն լուծող ծրագիր է»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` փորձում են նաև Ապարանում, Թալինում, Աշտարակում ստեղծել փոքր տեքստիլ գործարաններ: «Ներդրողի հետ բանակցում ենք Ապարանում անհատույց երկարաժամկետ օգտագործման տարածք տրամադրելու համար, որ նման արտադրություն հիմնի: Այդ ներդրողն արդեն Արթիկում նման արտադրություն հիմնել է: Քննարկել ենք, որ նույն գործարանը նաև Ապարանում հիմնվի, որով կլուծվի 3-4 հարյուր աշխատատեղի խնդիր»,- ասաց Սիմոնյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01