Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
07.03.2018

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Պատահական չէ, որ կանանց նվիրված այս տոնը համընկնում է գարնան գալուստին: Այն իր մեջ զարթոնքի ու վերածննդի, գեղեցկության եւ նրբագեղության խորհուրդն է ամփոփում:
Հայ կինը միշտ եղել է հավատարմության եւ իմաստության, ներողամտության եւ առաքինության խորհրդանիշ:
Սիրելի՛ կանայք, դարեր ի վեր ձեր նվիրումի եւ հոգատարության շնորհիվ է պահպանվում պետության հիմքը հանդիսացող հայ ընտանիքի ամրությունը: Անգնահատելի է ձեր դերը հայ զավակների հայեցի կրթության եւ մեր պետությանն արժանի քաղաքացիների դաստիարակության գործում:
Մեծ է հայ կնոջ ներդրումը մեր երկրի հարատեւման, ազգային շունչն ու ոգին սերնդեսերունդ փոխանցելու, ազգային ինքնության եւ հոգեւոր արժեքները պահպանելու գործում: Նա ոչ միայն բարոյական նեցուկ ու հենարան է եղել, այլեւ օրհասական պահերին, զենքը ձեռքին, անվարան կանգնել է հայոց այրերի կողքին: Այդպիսին է եղել հայուհու վեհ կերպարը մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում: Այդպիսին է նա նաեւ այսօր:
Թանկագի՛ն կանայք, անուրանալի է ձեր դերը մեր պետության ոչ միայն մշակույթի, կրթության եւ առողջապահության ոլորտներում, այլեւ այսօր արդեն հասարակական-քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ ձեր` հասարակական-քաղաքական կյանքին օրեցօր ակտիվացող մասնակցությունը, միասնականությունը եւ խորաթափանցությունը հնարավորություն կընձեռեն լիարժեքորեն դրսեւորելու ձեր ողջ ներուժը:
Գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզի եւ հանրապետության բոլոր կանանց, աշխարհասփյուռ բոլոր հայուհիներին` մաղթելով առողջություն, երջանկություն, հարատեւ հմայք եւ անսպառ գեղեցկություն: