Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
21.02.2018

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ:
Պետական տոնացույցում փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի օր, որը մեր ժողովրդի, պետության ու հասարակության անսահման երախտագիտության տուրքն է մեսրոպատառ ու ոսկեղենիկ մայրենիին:
Հայերենը աշխարհի հնագույն եւ հարուստ լեզուներից է: Այն հայ մշակույթի մեծագույն հարստությունն է, որով արարվել են բազմադարյա հոգեւոր արժեքներ, մշակույթի եւ արվեստի մնայուն կոթողներ: Դարեր շարունակ հայոց լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է եղել, այլեւ ի դեմս մայրենիի, մեր ժողովուրդը, պահպանել է իր ինքնությունը, կերտել սեփական դիմագիծն ու նկարագիրը:
Այսօր էլ չափազանց մեծ է հայոց լեզվի դերը աշխարհասփյուռ հայության համախմբման, ազգապահպանության, հայեցի կրթության եւ դաստիարակության, ազգային կերտվածքի պահպանման մեջ:
Շնորհավորում եմ բոլորիս Մայրենիի օրվա կապակցությամբ: Ինչպես ասել է մեծն Թումանյանը. ,,Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության եւ հանճարի ամենախոշոր դրոշմը…,,: Ուրեմն, սիրե՛նք եւ փայփայե՛նք մեր ոսկեղենիկ լեզուն, փառաբանե՛նք, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, հպարտորեն լինենք մեր հերոսական պատմությանը, մեր ակունքներին հավատարիմ արժանի հետնորդներ: