Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օշականում նշվեց Մայրենի լեզվի օրը

21.02.2018

Փետրվարի 21-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը կազմակերպվեց Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող այս միջոցառումը արդեն տարիների պատմություն ունի, որի ընթացքում բարի ավանդույթներ են ձեւավորվել:
Տոնի մասնակիցներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին:

Այնուհետև Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների եւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնակատարությունը:

Միջոցառումը սկսվեց Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի աղոթքով եւ օրհնությամբ:
Ներկաներին ողջունեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ Օշականը սրբատեղի է հայ ժողովրդի համար եւ գրկաբաց ընդունում է բոլոր հայերին: Շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարությանը՝ նա հավելեց, որ լեզվի պահպանությունը հայապահպանության գրավականն է, եւ հորդորեց հատկապես սփյուռքի հայությանը, բոլոր մայրերին՝ երեխաների հետ խոսել միայն հայերեն:

Օշականի դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին մայրենի լեզվի, Մեսրոպ Մաշտոցի մասին, հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Ելույթ ունեցան նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ եւ սփյուռքահայ ուսանողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01