Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2018

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 28-ը մեր երկրի տոնացույցում հիշատակվում է իբրեւ Բանակի օր: Տոն, որը խորհրդանշական է եւ իր մեջ պարունակում է հայրենասիրության, ազատատենչության եւ անկախության նվիրական գաղափարները:
1992թ. հունվարի 28-ին մեր երկրի Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Բանակը մեր պետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումներից է, որով, հիրավի, հպարտանում ենք ազգովի: Այն ստեղծվեց մեր երկրի նորագույն պատմության ամենապատասխանատու ժամանակաշրջանում: Բանակը ձեւավորվեց Արցախյան ազատամարտի բովում` մեր ժողովրդի միասնական կամքով, անձնուրաց եւ անմնացորդ նվիրվածությամբ ու նպատակադրվածությամբ:
Այսօր էլ Հայոց բանակն արժանապատվորեն է կատարում իր հայրենանվեր առաքելությունը: Նրա շնորհիվ ապահովված են մեր երկրի խաղաղ կեցությունն ու սահմանների անառիկությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիս խնդիրը մեր հերոսական բանակի պահպանումն ու ամրապնդումն է, ազգ-բանակ գաղափարի շուրջ հանրության բոլոր շերտերի, երկրի մաս կազմող անհատների համախմբումն ու ուժերի մեկտեղումը:
Վերստին շնորհավորում եմ ռազմական գործի բոլոր նվիրյալներին, ողջ հայ ժողովրդին: Մաղթում եմ հզորություն, անպարտելիություն եւ հավերժ խաղաղություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01