Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

26.01.2018

Հունվարի 25-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել, ուր լրատվամիջոցներին ներկայացրեց 2017 թվականի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքները՝ միաժամանակ խոսելով 2018 թվականին պլանավորված ծրագրերի մասին:
-Կարծում եմ, որ հիմքը ճիշտ դնելով եւ գործընթացը լավ սկսելով, մենք կունենանք ավելի շոշափելի արդյունքներ,-ասաց մարզպետը:
Այս առումով նա բավականին դրական նախադրյալ համարեց 2017 թվականին սկսված այն բարեփոխումները, որոնք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առումով կառավարությունը ծրագրել էր եւ ըստ ժամանակացույցի իրականացրեց: Այն միտված է տարածքների եւ մարզերի համաչափ զարգացմանը, մարզերի եւ մարզպետարանի՝ որպես մարզի զարգացման թիվ մեկ պատասխանատուի ինստիտուտի ձեւավորմանը եւ այն ամբողջ գործիքակազմին, որը նախատեսվում է մարզի զարգացման հիմնադրամների միջոցով մարզպետարաններին տրամադրելուն եւ հետագա աշխատանքներն ավելի առարկայական եւ շոշափելի դարձնելուն:
Այս առումով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզում տեղի ունեցան վարչատարածքային փոփոխություններ՝ համայնքների խոշորացման գործընթացներ: Արդյունքում՝ 46 գործող համայնքից մարզում ձեւավորվեց 4 խոշոր համայնք: 2018 թվականին ամբողջ մարզում խոշորացման գործընթացը կավարտվի, եւ կձեւավորվի եւս մոտ 10 խոշորացված համայնք: Մարզպետը խոսեց խոշորացված համայնքների այն դրական հնարավորությունների մասին, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ բաշխել առկա ռեսուրսները, կատարել հավաքագրում եւ պլանավորել սեփական եկամուտները: Այս առումով խոշորացված համայնքներում 2017 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին դրական արդյունքն ակնհայտ էր:
2017 թվականին, ընդհանուր առմամբ, սեփական եկամուտների հավաքագրման մեջ շոշափելի առաջընթաց է արձանագրվել: Համայնքների բյուջեների սեփական եկամուտը տարեսկզբին պլանավորված է եղել մոտ 1 միլիարդ 261 միլիոն դրամ, որն աննախադեպ բարձր թիվ է եղել նախկինի համեմատ: Տարին ավարտվել է պլանի 98 % կատարմամբ: Սա հնարավորություն կտա 2018 թվականին նոր ֆինանսական միջոցներ ներգրավել եւ համայնքներում իրականացնել կապիտալ բնույթի տարբեր ծրագրեր:
2017 թվականին մարզի համայնքների եւ մասնավոր ներդրողների կողմից մարզպետարան են ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են մասնագետների կողմից: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, անասնապահությանը, մեքենատրակտորային հանգույցների վերանորոգման պահեստամասերի արտադրությանը, թեթեւ արդյունաբերության զարգացմանը:
ՀՀ կառավարության եւ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու, մրցունակ գյուղմթերքներ արտադրելու եւ իրացնելու համար: Դրանք գյուղացուն, ֆերմերային տնտեսություններին հնարավորություն են տալիս ձեռք բերել գյուղտեխնիկա, ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ նյութատեխնիկական տարբեր միջոցներ: Կառավարությունը սուբսիդավորում է ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերը, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն է ստեղծվել ներգրավել ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ:
2017 թվականին մարզում մոտ 42 հեկտար ինտենսիվ այգիներ են հիմնվել: Կարբի համայնքում 10 հեկտար տարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացվում է ինտենսիվ այգու հիմնման ծրագիր: Արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել եւս 20 հեկտար ծիրանի եւ կեռասի այգի:
Ներդրումային ծրագրերի լավագույն օրինակներ են Ապարանի ֆերմերային տնտեսությունը, որտեղ իրականացվել է 2 մլն եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել է 50 նոր աշխատատեղ, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունը, որտեղ կատարվել է լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել է 30 նոր աշխատատեղ, Ոսկեվազի ջերմոցային տնտեսությունը, որտեղ ծրագրվում է հիմնել նաեւ ինտենսիվ այգի եւ թռչնաբուծարան, Օշականի թռնաբուծական ֆաբրիկան, ուր ներդրումային նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց՝ առկա 100 աշխատատեղին ավելացնելով եւս 80-ը:
Վերակառուցման ներդրումային նոր ծրագիր է իրականացվում Ոսկեվազի գինու գործարանում: Այստեղ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի իրացվում է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում:
Թալին քաղաքում «Թալին-1» արեւային կայան նախագիծն իր տեսակի մեջ եզակի է եւ արտադրական ծավալով ու հնարավորություններով կարեւոր նշանակություն ունի Հայաստանի արեւային էներգիայի, բնապահպանության ու տնտեսական զարգացման ոլորտներում: Նախագիծն իրականացվել է «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում: Դաշտադեմ համայնքում էլ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է «Դաշտադեմ» արեւային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագիրը:
Մարզպետը հանգամանալից ներկայացրեց նաեւ քաղաքաշինության, կրթության եւ առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները: Ամփոփելով արվածն ու անելիքը, նա այն համոզմունքը հայտնեց, որ թե՛ այս ոլորտներում, եւ թե՛ առհասարակ, եթե ձգտում ենք ցանկալի որակ ապահովել, ապա անհաժեշտ է սոցիալական գործոնը տարանջատել զուտ մասնագիտականից: Մարզի բժշկական հաստատություններում, մասնավորապես, Աշտարակի բժշկական եւ Ծաղկահովիտի առողջության կենտրոններում, ուր շենքային, նյութատեխնիկական միջոցների եւ կադրերի խնդիր կա, օպտիմալացում է իրականացվում: Հանրակրթության ոլորտում էլ կրճատվել են դպրոցների բյուջեները: Սրանք սոցիալական խնդիրներ են, որոնք պետք է լուծենք, որպեսզի մտածենք կրթության ու առողջապահության որակի մասին: Այդուհանդերձ, հաջողության ու որակի գրավականը մեկն է՝ մեր խնդիրները մենք պետք է լուծենք:
-Ցանկացած երեւույթի պետք է մոտենանք այնպես, որ այդ ամենը մերն է: Մենք խեղաթյուրում ենք ,,մեր,,-ի գաղափարը: Այն չի սահմանափակվում մեր աշխատասենյակով: Մերն է կրթությունը, մերն է առողջապահությունը, մերն է համայնքի բյուջեն, մերն է բնակավայրի մաքրությունը,-ասաց մարզպետը եւ հավելեց, որ եթե ուզում ենք լավ ապրել, ապա յուրաքանչյուրս ասելիք ու անելիք ունենք:
Լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները Աշոտ Սիմոնյանին հղեցին համայնքների խոշորացմանը, 2018 թվականին նախատեսվող ներդրումային ծրագրերին, Աշտարակ քաղաքում իրականացվելիք նախագծերին, վերամշակող կազմակերպությունների գործունեությանը, ՏԻՄ ընտրություններին վերաբերող իրենց հարցադրումները եւ ստացան սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14