Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների 2017 թվականի գործունեությունը

23.01.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների 2017 թվականի գործունեության ամփոփմանը: Ներկա էին ՀՀ ԱԻՆ ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գեւորգյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության 2017 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցը ներկայացրեց ՄՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի պետ Հ. Դարբինյանը: (Զեկույցն ամբողջությամբ տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի Ծրագրեր եւ գերակա խնդիրներ բաժնի Արտակարգ իրավիճակների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ ենթաբաժնում):
Նշվեց, որ 2017թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը եւ ենթակա ստորաբաժանումները արձագանքել են 766 դեպք-պատահարների: 2016 թվականին այդ թիվը կազմել է 781 եւ 1.9 %-ով ավելին է եղել: Դեպքերի հետեւանքով զոհվել է 12, մարմնական վնասվածքներ ստացել 90 մարդ: Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 72-ով կամ (35,1%-ով): Հրդեհների հետևանքով զոհեր չկան, այրվածքներ է ստացել 2 քաղաքացի:
Ներկաները մանրամասն տեղեկություններ ստացան նաեւ բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, կապի եւ ազդարարման համակարգի, կանխարգելիչ միջոցառումների իրականացման, հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, ծառայության կազմակերպման, անձնակազմի կառավարման եւ այլ ուղղություններով կատարված աշխատանքների մասին:
Արծարծված հարցերի շուրջ կատարվեցին քննարկումներ: Մասնավորապես, առանձնացվեց ազդարարման գործընթացի կարեւորությունը եւ այդ գործում համայնքներում առկա շչակների եւ այլ սարքավորումների թարմացման հարցը: Կարեւորվեցին նաեւ հակահրդեհային տեխնիկական միջոցների արդիականացման, համայնքապետարաններում եւ դպրոցներում աղետների ռիսկերի ուսումնասիրության եւ գնահատման, համայնքապետերի եւ ՄՓՎ-ի միջեւ առկա համագործակցված աշխատանքի անհրաժեշտության եւ այլ հարցեր:
Ներկաները լսեցին նաեւ մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, , ,,Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն,, , ,,Հիդրոօդերեւութաբանական եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն,, ՊՈԱԿ-ների ղեկավարների զեկույցները: Քննարկված հարցերի շուրջ մասնակիցներն իրենց հարցադրումներն ու դիտարկումներն արեցին:
Ամփոփելով զեկույցում բարձրացված հարցերը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը առաջարկեց դրանցում առանձնացնել այն խնդիրները, որոնց լուծումը ենթադրում է մարզի ղեկավարության աջակցությունը եւ մարզպետարանի պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Անդրադառնալով ներկայացված զեկույցներին, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը առանձնակի կարեւորեց Բյուրականի անտառների հրդեհաշիջման դժվարին եւ պատասխանատու աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց մարզպետին, ՄՓՎ-ին, մարզային, համայնքային այլ կառույցներին, ողջ ազգաբնակչությանը՝ համատեղ եւ միասնական գործունեության համար:
Աշոտ Սիմոնյանը եւս շնորհակալ եղավ համագործակցության համար եւ նշեց, որ առաջիկա պլանները պետք է այնպես կազմվեն, որպեսզի շեշտը դրվի կանխարգելիչ միջոցառումների վրա, ինչը որ գործունեության հաջողության լավագույն գրավականն է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17