Նորություններ
Արագածոտնում փակ ճանապարհներ չկան
18.01.2018

Հունվարի 18-ին, գիշերվանից սկսած՝ Արագածոտնի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում: Լեռնային գոտում՝ Արագածում եւ Ապարանում, տեղումներն ուղեկցվում են քամու ուժգնացմամբ՝ առաջացնելով բուք: Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում ձյունը առավելապես հանդարտ է, տեղ-տեղ՝ ընդհատումներով:
Ճանապարհների մաքրման աշխատանքները գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության ներքո: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհներին ողջ գիշեր աշխատել են ճանապարհաշինական ընկերությունները՝ ապահովելով դրանց անցանելիությունը:
Մաքրման, եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները շարունակվում են: Համայնքային ճանապարհների մաքրման համար օգտագործվում են տեղի հնարավորությունները:
Ժամը 10.00-ի դրությամբ մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ չկան: