Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում մեկնարկել է զորակոչը

10.01.2018

Հունվարի 9-ին 2018 թվականի առաջին զորակոչի մեկնարկը տրվեց Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի զինկոմիսարիատներում: Իսկ հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում առաջին զինակոչիկներին բանակ ճանապարհեցին Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատներից բացի զինկոմիսարիատ էին եկել մարզի ղեկավարությունը, հոգեւոր դասի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Բացելով հանդիսավոր արարողությունը, Աշտարակի զինկոմիսար, գնդապետ Մ. Ղազարյանը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի օրը զինակոչիկների ու նրանց հարազատների համար տոնական լինի, քանզի պատիվ եւ հպարտություն է ունենալ առողջ, ծառայության համար պիտանի զավակ եւ բանակ ճանապարհել: Զինկոմը կարեւորեց մարզի ղեկավարության հետ իրենց համագործակցված եւ արդյունավետ աշխատանքը եւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման փոխհամագործակցության եւ զինկոմիսարիատին աջակցության համար մարզպետ Աշոտ Սիմոնյանին հանձնեց պատվոգիր:
Ողջույնի խոսք ասաց Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը: Նա փոխանցեց մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքը՝ զինակոչիկներին հորդորելով հպարտորեն ծառայել եւ պատվով կրել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորի կոչումը:
Զինակոչիկներին անվտանգ ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին բոլոր ելույթ ունեցողները: Իր մայրական խոսքը հղեց ,,Զինվոր,, հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա ասաց, որ ինչպես միշտ, իր խորհուրդներով եւ աջակցությամբ նա զինվորների կողքին է եւ բոլոր զորակոչիկներին ընծայեց ձեռքի ժամացույցներ:
Զինակոչիկներին օրհնանքի խոսք ուղղեց Աշտարակի Սրբ. Մարիանէ եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ մաղթելով խաղաղ եւ անվտանգ ծառայություն:
Զորակոչի առաջին օրվան առանձնակի հանդիսավորություն հաղորդեցին երաժշտական խմբերի, ազգագրական պարերի համույթի ելույթները, որոնց երաժշտության հնչյունների ներքո էլ զինակոչիկները ճանապարհվեցին դեպի ծառայություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-15 17:41:35