Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ալագյազ, Ծաղկահովիտ եւ Արագածավան համայնքների ավագանիները կայացրին իրենց առաջին նիստերը

22.11.2017

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձեւավորվեց 2 խոշորացված համայնք՝ Ծաղկահովիտը եւ Ալագյազը: Ծաղկահովիտում համայնքապետ ընտրվեց Նորային Հակոբյանը, Ալագյազում՝ Ջասըմ Մախմուդովը: Իսկ Թալինի տարածաշրջանում ձեւավորվեց Արագածավանի խոշորացված համայնքը՝ միավորելով 4 համայնք, որտեղ համայնքապետ ընտրվեց Անդրանիկ Պապիկյանը
Նոյեմբերի 21-ին կայացան Ալագյազ եւ Ծաղկահովիտ համայնքների ավագանու առաջին նիստերը, որոնց մասնակցեցին Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, ՏԿԶ նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը: Ավագանու անդամներից բացի, անդրանիկ նիստերին ներկա էին նախկին համայնքների ղեկավարները:
Երկու համայնքներում էլ նորընտիր համայնքապետերին եւ ավագանու անդամներին շնորհավորեց Հրաչյա Գեւորգյանը: Նա փոխանցեց մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորանքը եւ հույս հայտնեց, որ նորընտիր ղեկավարները եւ ավագանիները իրենց գործառույթները կծավալեն այնպես, որ նպաստավոր լինի խոշորացված համայնքների զարգացման եւ առաջընթացի համար:
-Գլոբալ առումով համայնքների խոշորացումը առաջ գնալու գրավական է,- ասաց աշխատակազմի ղեկավարը եւ հավելեց, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե կա սրտացավություն, համատեղ աշխատելու ցանկություն եւ պատրաստակամություն: Մարզպետի անունից նա նաեւ շնորհակալություն հայտնեց նախկին համայնքների ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար:
Շնորհավորանքի խոսք հղեց նաեւ մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը եւ պատրաստակամություն հայտնեց համայնքների ղեկավարներին ու ավագանիներին աջակցել աշխատանքային ցանկացած հարցերում:
Նոյեմբերի 22-ին կայացավ նաեւ Արագածավան համայնքի ավագանու առաջին նիստը:
Նշված բոլոր համայնքներում ավագանիների անդրանիկ նիստերի ժամանակ ընդունվեցին առաջին որոշումները՝ ավագանու կանոնակարգերի, համայնքապետարանների աշխատակազմերի կանոնադրությունների եւ կառուցվածքների հաստատման, համայնքների կազմում ներառված նախկին համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու, նոր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու եւ այլ հարցերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14