Նորություններ
Խորհրդակցություն՝ նվիրված ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման ծրագրին
14.11.2017
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/14229_s.jpg)
Արագածոտնի մարզպետարանում մարզի առողջապահական եւ հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված էր ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման գործընթացին եւ դրա հետ կապված խնդիրներին:
,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման, նախապատրաստական միջոցառումների ու հետագա գործողությունների մասին խոսեցին մարզպետի տեղակալ Ն. Մովսիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գ. Մելիք-Անդրեասյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանը: Նշվեց, որ ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրումը միտված է՝ կանխարգելելու արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, որով տառապում են բազմաթիվ կանայք, եւ որը շարունակում է իրական սպառնալիք մնալ:
Պատվաստանյութի ներդրումից առաջ կարեւոր է իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բուժանձնակազմի վերապատրաստումը, ինչպես նաեւ բնակչության շրջանում պատվաստանյութի ներդրման կարեւորության մասին իրազեկումը, որտեղ մեծ դեր ունեն կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները: Այդ նպատակով գործընթացում ներգրավված անձանց համար մարզի բուժհաստատություններում կկազմակերպվեն չորսօրյա դասընթացներ: Իսկ պատվաստման բուն գործընթացը կսկսվի արդեն իսկ դեկտեմբերի երկրորդ կեսից :