Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մեր ժողովուրդը մեծագույն սիրով, պատկառանքով ու երախտագիտության զգացումով է նշում ավանդական դարձած այս տոնը: Տոն, որն, ըստ էության, ամենքինս է, քանզի մեր կյանքի բոլոր տարիներին մենք առնչվում ենք ուսուցչի կերպարի հետ, մշտապես զգում նրա ներկայությունը:
Հարգելի՛ ուսուցիչներ, դուք կրում եք ամենամարդասիրական եւ հայրենասիրական մասնագիտություններից մեկը: Ձեր կարեւոր ու դժվարին աշխատանքով կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, նրանց մեջ սերմանում սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, դրանով իսկ կերտում մեր պետության ու ժողովրդի ապագան:
Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն եւ անտրտունջ, որովհետեւ գիտակցում եք, որ ուսուցիչը կոչում է, ոչ թե՝ մասնագիտություն: Մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում, մաշտոցյան դարաշրջանից ի վեր, ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում, արժանացել մեծագույն սիրո, հարգանքի եւ երախտագիտության:
Վերստին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն: