Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

29.09.2017

Սեպտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը, որն առաջինն էր նրա պաշտոնավարման ընթացքում:
Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց ոչ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, այլեւ խոսեց մարզում առկա հիմնախնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին:
Աշոտ Սիմոնյանն ըստ ոլորտների անդրադարձավ օրախնդիր հարցերին եւ դրանց լուծման հնարավորություններին՝ ելնելով ,,ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարական ծրագրի,, դրույթներից:
Գյուղատնտեսությունն, իբրեւ գերակա ոլորտ, կարեւորագույն տեղ ունի մարզում: Ըստ այդմ՝ մարզպետը զարգացման հեռանկարը կապեց գյուղատնտեսության արդիականացման, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման եւ այլ ծրագրերի իրականացման հետ: Կարեւորվեց նաեւ մարզում հակակարկտային հրթիռային համակարգի պիլոտային ծրագրի իրականացումը:
Լրագրողները տեղեկացան քաղաքաշինության, սեփական եկամուտների հավաքագրման, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
Ի թիվս այլ խնդիրների, կրթության ոլորտում առանձնակի նշվեց հանրակրթական դպրոցների շենքային եւ գույքային պայմանների խնդրահարույց իրավիճակը: Մարզպետը, մասնավորապես, կանգ առավ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի՝ վերջին ժամանակներս հնչեղություն ստացած հարցի վրա: Այս առումով նա նշեց, որ այստեղ առկա է ոչ այնքան շենքային վատ պայմանների, որքան՝ դպրոցի գերբեռնվածության խնդիրը: Շուրջ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այսօր 601 աշակերտ է սովորում: Հարցը գտնվում է կառավարության, մարզի ղեկավարության եւ անձամբ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ, անկասկած, լուծում ստանալու է: Մարզպետը, սակայն, ընդգծեց, որ դրանից զատ, ինչպես այս, այնպես էլ, ընդհանրապես, բոլոր խնդիրների առաջադրմանը մոտենալիս, չպետք է անտեսել մարդկային բարոյական արժեքների գնահատումը եւ պետք է բացառել աշակերտների մասնակցությունը նմանատիպ իրավիճակներին:
Աշոտ Սիմոնյանը մանրակրկիտ ներկայացրեց նաեւ առողջապահության ոլորտում առկա իրավիճակը: Բժշկական հաստատությունների գործունեության բարելավման խնդիրը եւս հանրապետության եւ մարզի ղեկավարության ամենօրյա հոգածության ներքո է: Արդեն իսկ առաջին քայլերն արվել են: Կայացվել է Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների օպտիմալացման ծրագրի որոշումը, որը ենթադրում է համակարգի առողջացման, արդյունավետ գործունեության ապահովում:
Լրագրողների կողմից հարցադրումներ եղան համայնքների խոշորացման, առաջիկայում իրականացվելիք ՏԻՄ ընտրությունների, տարերային աղետներից տուժած համայնքներին տրվելիք փոխհատուցման եւ այլ խնդիրների մասին: Հնչեցրած հարցերին տալով սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ, Աշոտ Սիմոնյանը հույս հայտնեց, որ իր, մարզպետարանի աշխատակազմի եւ շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքի արդյունքում առաջիկայում կունենանք ավելի լավ մարզ, քան ունենք այսօր:


Ստորեւ ներկայացվում է ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հաշվետվությունը մեկ տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ:


ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը 2017 թվականի ընթացքում ուշադրության կենտրոնում է պահել մարզի համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնց ծանոթացել է համայնքային այցելությունների ընթացքում և դրանց մի մասի լուծման նպատակով, հնարավորության սահմանում ներառել է հրատապ խնդիրների լուծման միջնաժամկետ ծախսային ծրագրերի 2017 թվականին իրականացվելիք աշխատանքներում:
Մարզի սոցիալ-տնտեսական, առողջապահական և կրթական ոլորտներում տիրող իրավիճակը քննարկվել է մարզային ենթակայությամբ գործող կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ոլորտի գործունեությամբ զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումներում: Քննարկումների արդյունքում նախանշվել են խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները և իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկվել քայլեր:
Քննարկումներ են կազմակերպվել մարզի տարածքում խմելու և ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման և բնապահպանական այլ խնդիրների շուրջ:
2017 թվականի 8 ամիսների ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ ընդունելության է եկել մարզի տարբեր համայնքների շուրջ 554 քաղաքացի:
Մարզպետը մասնակցել է ՀՀ վարչապետի և ՀՀ ՏԿԶ նախարարի մոտ կազմակերպված՝ ՀՀ մարզերին վերաբերող խնդիրներին նվիրված խորհրդակցություններին, քննարկված հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել մարզպետարանում, ներկայացրել քննարկվող հարցերի շրջանակները, տվել համապատասխան հանձնարարականներ:
2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ՏԿԶ և ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության նախարարների և ՀՀ ՏԿԶ փոխնախարարների այցերը ՀՀ Արագածոտնի մարզ:
Մարզպետը մասնակցել է մարզում իրականացվող հոգևոր, կրթական, մշակութային, մարզական միջոցառումներին և տոնական օրերի կապակցությամբ ուղերձներով շնորհավորել մարզի բնակիչներին:
ՀՀ Կառավարության կողմից հայտարարված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզպետի 2017 թվականի ապրիլի 28-ի N104-Ա կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով: Վերոնշյալ կարգադրությամբ 2017թ. մայիսի 6-ը հայտարարվել է համամարզային շաբաթօրյակ:
Մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած հանրապետական շաբաթօրյակների ընթացքում մարզում իրականացվել են ծավալուն աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում հայտնաբերված 136 աղբանոցից փակվել է 124-ը, 11-ը հիմնական աղբավայր է, մեկ աղբավայրի փակման և կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու համար դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով:
Աշտարակի տարածաշրջանի 17 համայնքի աղբահանությունն իրականացնում է «ԷԿՈ-ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ն: Հավաքված աղբը տեղադրվում է Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող նոր աղբավայրում: Տարածաշրջանի 13 համայնքի հետ առաջիկայում կկնքվեն աղբահանության պայմանագրեր: Ապարանի, Թալինի և Ծաղկահովիտի տարածաշրջանների համայնքներում աղբահանությունն իրականացվում է համայնքապետարանների կողմից, և հավաքված աղբը տեղադրվում է համայնքների վարչական տարածքներում գործող աղբավայրերում:
Մարզպետը մշտական ուշադրության կենտրոնում է պահել մարզային ենթակայությամբ կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների աշխատանքները՝ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, համակարգել է համայնքային ենթակայությամբ կրթական, մարզական և մշակութային հաստատությունների գործունեությունը:
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ,,ՀՀ ԱՄ 2017-2025 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը,, , որը հաստատվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրային որոշմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի համապատասխան ընտրատարածքներում կազմակերպվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունը:
Համակարգվել է ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Կազմակերպվել են ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի մեկ նիստ եւ հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը:
Արտաքին հարաբերություններ
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հրավերով մասնակցել է դեսպանատներում իրականացված միջոցառումներին:
Մարզը համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի, Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի շրջանի: Աշխատանքներ են տարվում բարեկամական կապեր հաստատել Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Ինքնավար Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Գուրիա նահանգի հետ, որը կնպաստի մարզի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ Արագածոտնի մարզի սոցիալ–տնտեսական իրավիճակի վերլուծություն
Արագածոտնի մարզը զբաղեցնում է Արագած լեռան հսկայական զանգվածի հարավային լանջը: Այն ուղղաձիգ գոտիականությամբ ծովի մակարդակից բարձր է 800- ից մինչև ավելի քան 4000 մետր: Դրանով է պայմանավորված մարզի տնտեսության տարբերակվածությունը:
Մարզի այն համայնքները, որոնք գտնվում են հովիտներում ու նախալեռներում, զարգանում են այգեգործության, հատապտուղների մշակման, դաշտավարության շնորհիվ: Այստեղ առկա են հստակ ընդգծված առավելություններ: Նախալեռնային կլիման մի կողմից նպաստում է, որ դաշտավայրերի հետ համեմատած ավելի հազվադեպ լինեն ցրտահարությունն ու երաշտը, մյուս կողմից՝ բերքը հասունանում է հիմնական սեզոնից մեկ- երկու շաբաթ ուշ, երբ գինը համեմատաբար բարձր է: Դրանով է պայմանավորված պտղաբուծության զարգացման առաջանցիկ տեմպը մարզում: Որոշ պտուղների և հատապտուղների գծով մարզի համայնքները առաջատար են հանրապետությունում՝ խնձոր, սալոր, ելակ և այլն:
Այգեգործության զարգացման հիմական մարտահրավերը ոռոգման ջուրն է: Սա նկատելի է այգեգործական բոլոր համայնքներում: Որոշ դեպքերում կարիք կա ոռոգման նոր ջրագծերի կառուցման, որոշ համայնքներում՝ ոռոգման ներքին ցանցի վերանորոգման, իսկ բոլոր դեպքերում՝ ջրի անխափան մատակարարման խնդիր: Ներկայում այգիները զբաղեցնում են 8300 հա տարածք՝ ավելի քան 4750 գյուղացիական տնտեսության ապահովելով շուրջ 10 մլրդ դրամի եկամուտ: Ոռոգման ջրի հիմնահարցի լուծման և նոր խողովակաշարերի կառուցման դեպքում այս ցուցանիշերը կարող են եռապատկվել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ցուցանիշը ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 200 կմ նոր ջրագիծ, մոտ 2000 կմ ներքին ցանցի վերանորոգում, 5 նոր ամբարտակ Արագածի լանջերին, ինչպես նաև՝ ոռոգման ջրի մատակարարման կառավարման մեխանիզմների բարելավում:
Արագածոտնի զարգացման մյուս էական ուղղությունը տուրիզմն է: Ունենալով հսկայական պատմական, կրոնական ժառանգություն, բնական հուշարձաններ ու մարդկային ներուժ՝ մարզը բավարար ներկայացվածություն չունի Հայաստանի տուրիստական երթուղիների մեջ: Առաջիկա պլաններում է Աշտարակի՝ որպես տուրիստական կենտրոնի կայացումը, հիմնական դիտարժան վայրերի ենթակառուցվածքների բերալավումն ու կառուցումը, տուրիստական բիզնեսների կայացմանն օժանդակությունը, ինչպես նաև մարզի այլ տուրիստական օբյեկտների ներառումը առաջիկա ծրագրերում՝ Քասաղ գետի կիրճը՝ իր վանքային համալիրներով, դեպի Արագածի գագաթներ արկածային տուրիզմի զարգացումը, Բյուրականում գիտական տուրիզմի զարգացումը և այլն:
Ընդհանուր առմամբ, ելնելով 2017-2025թթ մարզի զարգացման ռազմավարությունից, 2017 թվականի համար տնտեսության զարգացման հետ կապված նպատակներն են՝
- Ավելի քան 300 նոր ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծում վերամշակող արդյունաբերության և այլ ոլորտներում, ավելի քան 40 սկսնակ ձեռնարկությունների հիմնում տարբեր ոլորտներում:
- Նոր կամ բարելավված ենթակառուցվածքներից կօգտվի ավելի քան 10000 մարդ:
- Գյուղատնտեսական արտադրանքի աճ 2 % - ով:
- Մեկ շնչին ընկնող մարզային ՀՆԱ- ն 2017- ին կլինի մոտ 1.3 մլն դրամ, կամ 7% աճ 2015- ի նկատմամբ (1.2 մլն դրամ):
- 2020 թվականի նպատակային ցուցանիշը ավելի քան 2 մլն դրամ է:

Ներդրումային ծրագրեր
2017 թվականի առաջին կիսամյակի դրությամբ մարզի համայնքների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 11 ծրագրի հայտ, որից 2017 թվականի հունվարի 26-ին ՀՀ վարչապետի մոտ քննարկվել և հավանության է արժանացել 4-ը:
Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել 2 ներդրումային ծրագիր:
Համայնքների և մասնավոր ներդրողների կողմից շարունակվում են մարզպետարան ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները:
Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, անասնապահությանը, մեքենատրակտորային հանգույցների վերանորոգման պահեստամասերի արտադրության, թեթև արդյունաբերության զարգացմանը:
Իրականացվող ծրագրեր
Արագածոտնի մարզում 2017թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցներով իրականացվում են ավելի քան 104 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերը կազմել են շուրջ 218.6 մլն դրամ: ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերը կազմել են շուրջ 454.4 մլն դրամ: Ճանապարհաշինության բնագավառում իրականացվող ծրագրերը կազմել են շուրջ 100.1 մլրդ դրամ: Բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցներով մարզում իրականացվում է 2, 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր:
ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153–Ն և 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով ՀՀ Արագածոտնի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացվել է 384.4 մլն դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն սահմանված ժամկետներում: Նշված ծրագրի շրջանակներում տնտեսվել է շուրջ 94 մլն. դրամ:
Համայնքների ընդհանուր եկամուտներ
2017թ. Արագածոտնի մարզի 114 համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտը նախատեսվել է 3.736 մլրդ դրամ, իսկ սեփական եկամուտների պլանը նախատեսված է 1.257 մլրդ դրամ, կամ ընդհանուր բյուջեի 33.6%-ը: 2017 թ. սեփական եկամուտների պլանը 2016թ. նկատմամբ ավել է նախատեսված 238.5 մլն դրամ, աճը կազմում է 23.4%: 2017 թ սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների պլանը կատարվել է 93.2 %-ով: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմում է 122%:
Կրթություն
ՀՀ Արագածոտնի մարզում գործում է 122 հանրակրթական ուսումնական հաստատություն (79-ը` միջնակարգ, 39-ը` հիմնական, 1 հատուկ, 3 ավագ դպրոց), որտեղ սովորում է 17036 աշակերտ: Մարզում գործում են 5 մարզադպրոց, 2 արհեստագործական պետական ուսումնարան և 1 տարածաշրջանային պետական քոլեջ, 5 երաժշտական (Աշտարակ, Արագածավան, Ուջան, Թալին, Օշական), 4 արվեստի (Կոշ, Ապարան, Ոսկեվազ, Արագած), 2 գեղարվեստի (Աշտարակ, Թալին) և 1 պարարվեստի (Աշտարակ) դպրոցներ: 2016-2017 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ձևավորված 1 242 դասարանում սովորել է 16 393 աշակերտ, միջին խտությունը՝ 13.19: Ձևավորվել է 121 առաջին դասարան՝ 1 874 աշակերտով, միջին խտությունը 15.49:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 2 344 ուսուցիչ: Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 14.64 դասաժամ: Ուսուցիչ- աշակերտ հարաբերակցությունը կազմել է 1:7:
2017 թվականին առարկայական օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել է 518 աշակերտ: 2017 թվականին 925 շրջանավարտից, շարունակական ուսուցում են ստացել հանրապետության ռեյտինգային ԲՈՒՀ-երում 385-ը, կամ 41.6%:
Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններից հիմնանորոգվել են 6-ը, մասնակի վերանորոգվել են 43-ը, 37-ը վերանորոգման խիստ կարիք ունի: Մարզային ենթակայության ուսումնական 118 դպրոցից լոկալ ջեռուցմամբ ապահովված է 59-ը, 26-ը ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչներով, իսկ 33-ը՝ վառարաններով:
2017 թվականին կրթության հաստատված բյուջեն կազմել է՝ 4.784 մլրդ դրամ:
Առողջապահություն
Մարզի առողջապահական համակարգում գործում է 22 բուժհաստատություն` որոնցից 5 մարզպետարանի ենթակայության՝ (1 ՊՈԱԿ, 4 ՓԲԸ), և համայնքային ենթակայության 1 առողջության կենտրոն, 15 ամբուլատորիա, 1 առողջության առաջնային պահպանման կենտրոն (ՀՈԱԿ)։
Մարզի բուժհիմնարկների 2017 թվականի ընդհանուր բյուջեն կազմում է՝ մոտ 1.583 մլրդ դրամ։ 2017 թվականին 4 բժշկական կենտրոնի պլանային թիվը վճարովի ծառայության գծով կազմում էր 104 մլն դրամ, օգոստոս ամսից կատարվել է նախահաշիվների փոփոխություն և վճարովի ծառայության գծով պլանային թիվ է սահմանվել 137.5 մլն դրամ:
Վարչատարածքային փոփոխություններ
ՀՀ Արագածոտնի մարզում 2017 թվականի ընթացքում 3 տարածաշրջանում իրականացվում են վարչատարածքային փոփոխություններ, որի արդյունքում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ Ապարանի, Արագածավանի, Ծաղկահովիտի և Ալագյազի, որոնց մեջ ներառվելու է 46 համայնք:
Մարզի հատուկ զարգացման կարիք ունեցող տարածքներ կարելի է համարել սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային համայնքները: Լեռնային է՝ 23, բարձր լեռնային՝ 33, սահմանամերձ՝ 2 բնակավայր, որոնք՝ որպես հատկապես խոցելի համայնքներ, ուշադրության կենտրոնում են:
Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 114 համայնքներին` զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01