Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց ոլորտներում խնդրին առնչվող հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկվող միջոցառումները:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը խոսեց մարզի կրթական, մշակութային, սոցիալական, մարզական եւ առողջապահական նշանակության շենքերի մուտքերի մատչելիության ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, բնակչության սակավաշարժ խմբերի համար ազատ տեղաշարժման նպատակով թեքահարթակների անհրաժեշտության, հիմնանորոգման եւ կառուցման ընթացքում սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվեց, որ մարզի կրթական,սոցիալական, մշակութային, մարզական, առողջապահական նշանակության շենքերի 18 տոկոսի մուտքերը մատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Վարչության մասնագետների կողմից մշակվել են թեքահարթակների կառուցման համար նախագծերի տարբերակներ: Մարզի բոլոր համայնքապետերին հանձնարարվել է նոր կառուցվող եւ հիմնանորոգվող շենքերի նախագծային առաջադրանքները պարտադիր տրամադրել բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան:
Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանն էլ անդրադարձավ մարզում հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթության մեջ ներառման, ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերին: Ըստ նրա՝ մարզում կա հաշմանդամություն ունեցող 381 երեխա, որից 313-ը ընդրկված է դպրոցական ուսուցման մեջ: Մարզում գործում է ներառական 5 դպրոց, որոնցում ներառված է 103 վկայագրված աշակերտ, իսկ գործող 1 հատուկ դպրոցում՝ 44-ը: Առողջական ծանր խնդիրների պատճառով կրթությունից դուրս է մնացել 8 երեխա, 4-ի համար տնային ուսուցում կկազմակերպվեն:
Ամփոփելով նիստի աշխատանքները, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հանձնարարեց հաշմանդամություն ունեցող մարզի սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները պարբերաբար գնահատել եւ ներկայացնել մարզպետին՝ համապատասխան աջակցություն ցույց տալու նպատակով: Կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում ներառելու գործում, ՏԻ և ՀԳՄՀ վարչությանը հանձնարարվեց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ուսումնասիրել ոլորտում առկա հիմնախնդիրները եւ ներկայացնել մարզային հանձնաժողովի քննարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01