Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

25.08.2017

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Ողջունելով ներկաներին, մարզպետ Աշոտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովին ներկա են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանն իր զեկույցում խոսեց 2016-2017 ուսումնական տարվա ընթացքի ընդհանուր նկարագրի մասին: /ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հաշվետվությունը մարզի հանրակրթական դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա արդյունքների մասին ամբողջությամբ տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքում/:
Զեկուցողն առավելապես կանգ առավ գալիք ուսումնական տարում իրականացվելիք ծրագրերի եւ ոլորտում առկա հիմնախնդիրների վրա: Նա նշեց, որ վերջին տարիներին կրթական համակարգը ենթարկվել է լուրջ բարեփոխումների՝ ստեղծվել են ավագ դպրոցներ, փոխվել է գնահատման համակարգը, մշակվել են կրթական նոր չափորոշիչներ եւ առարկայական ծրագրեր, ներդրվել է ,,Արարատյան բակալավրիատ,, , ներառական, 12-ամյա պարտադիր ուսուցումը, ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում: Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պարտավոր է առաջնորդվել հստակ սահմանված կրթական նպատակներով եւ գործողությունների շրջանակով: Այնուհետեւ մատնանշվեցին գործողությունների այն ծրագրերը, որոնց գործադրմամբ մարզում ապահովվելու է պետական կրթական քաղաքականության իրականացումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց կրթության համակարգի բարեփոխումները, այդ շրջանակում իրականացվող ծրագրերը: Նա, մասնավորապես, նշեց, որ նախկինում Արագածոտնի մարզում ընդգրկված տարածաշրջանները զարգացում էին ապրում բնական գիտությունների ուղղությամբ, ինչը որ ցանկալի է տեսնել նաեւ ներկայում եւ ապագայում: Նույն՝ բնագիտական առարկաների ուղղությամբ զարգացումը ակնկալվում է նաեւ ողջ հանրապետությունում, քանի որ դա է թելադրում մեր ժողովրդի պատմա-աշխարհագրական տարածշրջանային իրավիճակը: Կարեւորելով կրթության եւ գիտության դերը, նախարարը խոսեց գիտելիքների, դաստիարակության եւ հմտությունների զարգացման հարաբերակցության մասին՝ դրանցում առաջնային տեղը տալով գիտելիքների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:
Լեւոն Մկրտչյանն այնուհետեւ անդրադարձավ դպրոցների ֆինանսավորմանը. դասագրքերի որակին, տարակարգերին, ուսուցիչների սոցիալական բլոկին, վերապատրաստումներին, տնօրենների հեղինակության բարձրացմանը եւ մասնագիտական այլ կարեւոր խնդիրներին: Նախարարը պատասխանեց տնօրենների կողմից իրեն ուղղված հարցերին:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ ներկայության եւ առաջադրված հարցերին օգտակար պարզաբանումներ տալու համար:
- Ներկայացված այս բարեփոխումների մեջ մենք գիտակցում ենք, որ գիտությունը զենք է, առանց որի անհնար է առաջ ընթանալ,-ասաց մարզպետը: Նա շնորհավորեց բոլորին եւ նոր ուսումնական տարում մաղթեց նորանոր հաջողություններ, արդյունավետ ուսումնառություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14