Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան

01.08.2017

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 1-ին այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում նա խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի այն համայնքների հետ, որոնք խոշորացման ծրագրով միավորվելու են մեկ՝ Ծաղկահովիտի համայնքի մեջ: Նշենք, որ տարածաշրջանը խոշորացման ծրագրով միավորվելու է 2 ՝ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքներում:
Ողջունելով համայնքապետերին, Աշոտ Սիմոնյանն ասաց, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան, բայց նման ձեւաչափով հանդիպումները պետք է ինտենսիվ բնույթ կրեն, եւ կուտակված խնդիրները համատեղ աշխատանքի ընթացքում պետք է լուծում գտնեն:
Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայքների ընդհանուր նկարագրերը եւ առկա հիմնախնդիրները: Դրանք հիմնականում նույնաբնույթ են՝ հատուկ բարձր լեռնային գուտու բնակավայրերին: Խմելու ջրի մատակարարում, համայնքային ճանապարհների, դպրոցների, համայնքային կենտրոնների վերանորոգում կամ կառուցում, գազիֆիկացում, գյուղմթերքների իրացման հնարավորություն եւ այլն. ահա հարցերի շրջանակը, որոնք բարձրացրին համայնքապետերը:
Լսելով համայնքապետերին, մարզպետը մեկ առ մեկ անդրադարձավ դրանց բոլորին: Նա առանձնակի կարեւորեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը եւ նշեց, որ կառավարության մոտեցումն այնպիսին է, որ այսուհետ ներդրումային գումարները պետք է ուղղվեն սեփական եկամուտների բարձր ցուցանիշ ունեցող համայնքներին՝ դրանց զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման նպատակով:
Մարզպետն այնույհետեւ անդրադարձավ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրին եւ այդ շրջանակում կատարվող սանիտարական մաքրման ու աղբահանության խնդիրներին: Նշվեց, որ աղբահանության համար մարզում այսուհետ գործելու է 11 աղբավայր: Արագածի տարածաշրջանում դրանք բացվելու են Ալագյազ եւ Գեղադիր համայնքների տարածքում, որոնցից էլ պետք է օգտվեն տարածաշրջանի բոլոր համայնքները:
Աշոտ Սիմոնյանի երկրորդ կանգառը Ալագյազ համայնքն էր: Համայնքապետարանում նա խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի համայնքին միավորվող համայքների ղեկավարների հետ: Այստեղ եւս բարձրացված հարցերը նույնաբնույթ էին, որոնց լուծման համար մարզպետը համապատասխան պարզաբանումներ կատարեց:
Թե՜ Ծաղկահովիտում, եւ թե Ալագյազում Աշոտ Սիմոնյանը կոչ արեց համայնքների ղեկավարներին՝ աշխատել ամենայն պատասխանատվությամբ եւ սեփական ներուժի ողջ հնարավորությունների սահմանում: Նա նշեց համայնքերի խոշորացման ծրագրի հետ կապված դրական մոտեցումները եւ պատրաստակամություն հայտնեց այս հարցի վերաբերյալ լսել եւ քննարկել հիմնավորված ցանկացած առաջարկ:
-Ցանկացած հարցում համայնքները պետք է նախաձեռնողականություն դրսեւորեն, օգտագործեն իրենց ներքին հնարավորությունները,-ասաց մարզպետը:-Համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է մասնակից լինի իր համայնքի զարգացմանը: Մենք պետք է պետությանը թեւ-թիկունք լինենք եւ այնուհետեւ նրանից ակնկալիքներ ունենանք: Իսկ հաջողությունը գալիս է այնտեղ, որտեղ շատ եւ նպատակասլաց աշխատանք կա:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01