Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին

20.07.2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նախագիծը` նշել է.« Ծրագիրը ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին՝ մասնակից դառնալու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը», - ասել է նախարարը: Նախարարն ընդգծել է, որ իրավիճակի շտկման ուղղությամբ արդեն իսկ միջոցառումներ իրականացվել են՝ ծածկվել ,տեղափոխվել կամ ցանկապատվել են գործող աղբավայրերն ու աղբանոցները, անցկացվել է համապետական շաբաթօրյակ:
«Մաքուր Հայաստան» ծրագրի նպատակն է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել համալիր գործողություններ, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել հանրության լայն խավերին և հասարակության մեջ ձևավորել շրջապատը մաքուր պահելու քաղաքացիական դրսևորում ու պատասխանատվություն: Յուրաքանչյուր մարզ կունենա միջոցառումների ծրագիր, որով կհստակեցվեն մարզի տարածքում իրականացվելիք միջոցառումները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրապետության աղբահանության և դրա բաղադրիչների նկատմամբ իրականացնել պետական հստակ քաղաքականություն, որի ընթացքում այս պահի դրությամբ շուրջ 545-ի հասնող աղբանոցների ու աղբավայրերի թիվը առավելագույնս կնվազի` ենթադրելով սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում:
Ավելին, Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահապանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ կտրամադրի բնակչությանը և հիմնարկներին: Այն ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա: Նախատեսվում է արդիականացնել աղբահավաքման համայնքային համակարգերը, ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան տարածքային աղբավայրեր:
Աղբյուրը՝ mtad.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14