Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդյունքներն արդեն տեսանելի են. գույքագրված 2029 աղբանոցից փակվել են 1480-ը

07.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երևում են: Բայց դրա հետ միասին տարբեր ուղղություններով պարբերաբար աշխատանքներ իրականացնում ենք: Մեր հիմնական մայրուղիների վրա, իհարկե, ոչ բավարար քանակությամբ, բայց արդեն իսկ որոշակի քանակությամբ աղբամաններ տեղադրվում են, բայց միայն աղբամանները տեղադրելով խնդիրը չի լուծվում: Մենք նյութեր ենք նախապատրաստել, որպեսզի հանրության հետ աշխատանքը՝ ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր, բոլոր ուղղություններով կատարվի: Մաքուր Հայաստանն իրենից ենթադրում է վարչական ռեսուրսներ, բայց նաև ենթադրում է ընդհանուր մտածելակերպի, ընդհանուր վերաբերմունքի փոփոխություն բոլորիս կողմից: Այսօր նախապատրաստվում ենք հուլիսի 29-ին կայանալիք 2-րդ համապետական շաբաթօրյակին և մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք այդ ուղղությամբ»,-ասել է Վ. Տերտերյանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծված http://map.transproject.am/ կայք-էջը ներկայացրել է ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչություն պետ Արտաշես Բախշյանը: Նա առաջարկել է բոլոր մարզերի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետևել կայքին և տեղերից պարբերաբար տեղեկություններ տրամադրել՝ կայքի տեղեկատվությունը թարմացնելու համար: Կայքում տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:
Նիստի ընթացքում զեկուցվել է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Աղբահանության ծառայությունների համար իրավաբանական անձանց և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների իրավապայմանագրային հարաբերությունների հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր: «Քանի դեռ չկա ինստիտուցիոնալացված դաշտ, դժվար է հասնել մեր առջև դրված խնդիրների իրականացմանը»,-ասել է Վաչե Տերտերյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը նիստում տեղեկացրել է, որ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքում հուլիսի 4-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1296 դեպք է հայտնաբերվել, չսահմանված վայրերում աղբ թափող՝ 624 անձ, 340 միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ, և ուղարկված միջնորդագրերից ընթացքի մեջ են 199-ը:
Մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, առաջարկություններով հանդես եկել: Նշվել է, որ ակտիվ նախապատրաստվում են հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին: Կարևորվել է ամառային հանգստի ակտիվ այս շրջանում հանգստյան գոտիների մաքրման աշխատանքներն ակտիվացնելը:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14