Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի ցերեկույթ՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանին

19.06.2017

Ապրիլյան քառօրյա պատերազմում Արագածոտնի մարզում զոհվածները երեքն էին՝ Միշա Աղաջանյան, Քյարամ Սլոյան, Ռաֆիկ Հակոբյան: Նրանց գործած սխրանքը շարունակվում է գնահատվել իշխանության, հանրության, հայրենակիցների կողմից:
Հունիսի 18-ին հերթական արարողությունն էր՝ ի նշանավորումն նրանցից մեկի՝ Ռաֆիկ Հակոբյանի հիշատակի: Թալինի մշակույթի տանն էին հավաքվել պետական, ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, համագյուղացիները, մտերիմներն ու հարազատները:
Հանդիպումը սկսվեց հոգեւոր արարողությամբ, տերունական աղոթքով:
Այնուհետեւ խոսք ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
-Մեր զինվորների քաջության բազմաթիվ օրինակներ ունենք, եւ հերոսացման առիթներ այսօր էլ լինում են: Մեր հայրենիքում ապահով ապրելը հնարավոր է դառնում սահմանում կանգնած հայ մարտիկների, սպաների եւ զորահրամանատարների շնորհիվ: Այսօր մենք հպարտանում ենք ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրը 4 երիտասարդների սխրանքով, ինչի շնորհիվ անառիկ մնաց նրանց պահպանած դիրքը, ցավոք՝ նրանց կյանքի գնով: Նրանցից մեկն էր Ռաֆիկ Հակոբյանը, ում առջեւ այսօր գլուխ ենք խոնարհում,- ասաց փոխնախարարը:
Ռաֆիկի մասին առանձնակի հույզով խոսեց գրող-հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Ռաֆիկը նրա թոռան ծառայակիցն էր, եւ նրանք հանդիպել ու ծանոթացել էին միմյանց թոռան երդման արարողության օրը՝ Մատաղիսում: Բայց, ավաղ, Ռաֆիկ Հակոբյանը վերադարձավ՝ իբրեւ հրաբուխ, եզրափակեց Վրեժ Սարուխանյանը եւ ընթերցեց իր վերջին բանաստեղծությունը՝ նվիրված հայ զինվորին:
Օրվա խորհրդին համահունչ ելույթներ ունեցան եւ ներկաներին հուզականությամբ պարուրեցին Ռաֆիկ Հակոբյանի համադասարանցիները, նրա դասղեկը, համագյուղացիները: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան ճանաչված երգիչներ Մրոն, Գոհար Հովհաննիսյանը, Մարաթուկ համույթի տղամարդ կատարողները, այլ մասնակիցներ:
Ցերեկույթի ընթացում երախտիքի ու մեծարանքի խոսքերն ամբողջությամբ ուղղված էին Ռաֆիկի ծնողներին՝ Նաիրա եւ Խլղաթ Հակոբյաններին: Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր, հուշամեդալներ: Իսկ մշակույթի տան առաջին հարկում՝ ,,Նրանք անմահ են,, խորագիրը կրող անկյունում, տեղադրվեց Ռաֆիկ Հակոբյանի կիսանդրին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14