Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
22.04.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին համայն հայությունը գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ:
1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված Հայոց ցեղասպանությունն, ըստ էության, ուղղված էր քաղաքակիրթ մարդկության դեմ: Ոճիր, որը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:
Հայաստանն այսօր առավել, քան երբեւէ, առաջնահերթ խնդիր է համարում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորումը: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն անչափ կարեւոր է ժամանակակից աշխարհում մարդկության դեմ ուղղված այդ մեծագույն հանցագործության կանխարգելման, միջազգային անվտանգության համակարգի ամրապնդման ու քաղաքակրթությունների երկխոսության խթանման առումով:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Մայր հայրենիքը ու ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայությունը ոգեկոչում են բազմահազար անմեղ զոհերի հիշատակը: Մենք վերստին հաստատում ենք այն գաղափարը, որ ազգային նվիրական նպատակների շուրջ համախմբված՝ աշխարհի շատ ու շատ ազգերի ու պետությունների շարքում մեր որոշակի ներդրումը կունենանք արդար եւ հուսալի աշխարհի կառուցման գործում: