Նորություններ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
27.03.2017
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/12442_s.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 25-ին այցելել է Արագածոտնի մարզ:
Գործադիրի ղեկավարն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերություն, որի արտադրանքն արտահանվում է ավելի քան 14 պետություն՝ Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Իսրայել, Չինաստան, Ճապոնիա:
Ընկերության ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, մասնավորապես, հայկական գինին կներկայացվի Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ղազախստանում: 2017-ին ընկերությունն արձանագրում է արտահանման ծավալների շեշտակի ավելացում: 2016-ի հունվար-մայիս ամիսների համեմատ 2017-ի նույն ժամանակահատվածում կանխատեսվում է գրանցել արտահանման ծավալների 133 տոկոս աճ: Արդյունքում, ընկերությունը նախատեսում է աճ նաև խաղողի մթերման ծավալներում:
Ընթացիկ տարում ընկերությունը ներդրումային լուրջ ծրագրեր կիրականացնի երկու կարևոր ոլորտներում: Ապրիլից գործարանի հարակից հողատարածքում կտնկվեն ժամանակակից խաղողագործական համակարգերով հագեցած օրինակելի այգիներ՝ ի համալրումն Արմավիրում գտնվող այգիների: Ծրագրի նպատակով կծախսվի 140 մլն դրամ: Իսկ գինու զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է ներդնել 130 մլն դրամ: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 4 մլն շիշ գինի, 1 մլն շիշ շամպայն, 3 մլն շիշ կոնյակ: Ընկերությունում աշխատում է 200 մարդ:
Կարեն Կարապետյանը կարևորել է «Արմենիա վայն»-ի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը, արտահանման ծավալների աճը և հավելել, որ կառավարությունը շարունակելու է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ հետևողական միջոցառումները: