Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
29.12.2016

Թանկագի՛ն հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն անցավ եւս մեկ տարի: 2016 թվականը մարդկության պատմության մեջ կմնա իբրեւ աշխարհա-քաղաքական, հոգեւոր-մշակութային կարեւոր իրադարձություններով հարուստ տարի:
Հայ ժողովրդի համար տարին արժեւորվեց իբրեւ հայրենասիրական ոգու վերահաստատման, ազգային արժեքների գնահատման եւ ապագայի հանդեպ վճռականության ու լավատեսության դրսեւորման ժամանակաշրջան: Մենք, հիրավի, արժանապատվորեն դիմագրավեցինք մեզ վիճակված մարտահրավերները՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրանից բխող հետեւանքները:
Սիրելի՛ հայրենակիցներ, նոր, 2017 թվականը մուտք ենք գործում նոր մոտեցումներով ու մտածելակերպով, ապագայի հանդեպ լավագույնս տրամադրվածությամբ: Համոզված եմ, որ սիրով ու նվիրումով աշխատելու ենք գալիք բոլոր տարիներին, նոր ձեռնարկումներով, նոր ծրագրեր կյանքի կոչելով ապահովելու ենք մեր բոլորի երազած անկախ հայրենիքի վաղվա լուսավոր օրը:
Թո՛ղ որ Նոր տարին մեծագույն հաջողությունների ու կարեւոր ձեռքբերումների սկիզբ լինի, թո՛ղ խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլորիս ընտանիքներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն, անսահման սեր ու երջանկություն:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան