Նորություններ
Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ասուլիսը
29.11.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով շարունակվում են Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ասուլիսները, որոնք կատարած աշխատանքների յուրօրինակ հաշվետովություն են:
Հերթական ասուլիսը կայացավ նոյեմբերի 29-ին: Կատարած աշխատանքների մասին տեղեկատվությամբ մարզի լրագրողներին ներկայացավ աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը: Վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը ներկայացրեց վարչության գործառույթները, ինչպես նաեւ այդ շրջանակում իենց իրականացրած աշխատանքները:
Նշվեց, որ ՏԻ և ՀԳՄՀ վարչությունն իր գործառույթներն իրականացնում է մարզպետի կողմից հաստատված կանոնադրությամբ, որի պահանջներից ելնելով աշխատակիցների միջև կատարվել է աշխատանքի բաշխում, որի շնորհիվ իրականացնում է վարչության լիազորությունների լիակատար իրականացում:
Նոյեմբերի 29-ի դրությամբ 136 համայնքային ծառայողների համար կազմվել է ժամանակացույց ատեստացիա նշանակելու վերաբերյալ, որի արդյունքում 6 համայնքային ծառայող չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: 53 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրվել է azdarar.am, aragatsotn.mtad.am կայքերում: Կազմակերպվել եւ անցկացվել է մարզպետի կողմից ներկայացված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի կողմից հաստատված պլան գրաֆիկով 39 համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ:
Մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի համայնքները ավագանու որոշումները մարզպետարան առաքեն 7-օրյա ժամկետում: Եթե 2014 թվականին առաքվել է 1963 ավագանու որոշում, 2015 թվականին՝ 1868 ավագանու որոշում, ապա 2016 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ առաքվել է 2306 ավագանու որոշում:
Վարչական հսկողություն է իրականացվել մարզի թվով 35 համայնքներում: Բացի գրաֆիկով նախատեսված համայնքներից, վարչության կողմից մարզպետի կարգադրությունների համաձայն ուսումնասիրություններ են կատարվել ևս 13 համայնքում՝ կապված ՀՀ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի հետ: Կազմվել են համապատասխան ուսումնասիրության մասնագիտական ակտեր:
Վարչության կողմից աշխատանքներ են տարվել մարզի 84 համայնքների ղեկավարների եւ 91 ավագանու անդամների ընտրություններ անցկացնելու համար: Աջակցություն է ցուցաբերվել համայնքներում նորընտիր համայնքների ղեկավարներին հանձնում-ընդունում կատարելու ուղղությամբ:
Պարբերաբար աշխատանքներ են տարվում եւ վերահսկողություն է իրականացվում 55 համայնքի հետ՝ համայնքային կառավարման և տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու համար:
Վարչության աշխատակիցները մշտական աշխատանքներ են իրականացնում համայնքի ղեկավարների հետ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:
Ասուլիսին ներկա էր մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ով կարեւորեց վարչության դերը մարզպետարանի ընդհանուր գործունեության մեջ: Նա նշեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին վարչության մեծ աջակցությունը եւ ասաց, որ այդ ոլորտում, մասնավորապես, հողի հարկի հավաքագրման արդյունքով մարզը հանրապետությունում առաջին տեղում է: Տեղեկացվեց, որ ներկայումս վարչությունը համակարգում է համայնքների ռազմավարական ծրագրերի կազմման գործընթացը, որի արդյունքում համայնքներն ունենալու են 2017-2025 թվականների ընթացքում իրականացվելիք աշխատանքների իրատեսական պատկերը:
Մարզային լրատվամիջոցների ղեկավարների կողմից հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացմանը, ավագանու ինստիտուտի կայացմանն ու դրանց գործունեության թափանցիկությանը, համայնքների զարգացման հեռանկարներին եւ առաջիկա ծրագրերին: