Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը

15.11.2016

Նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզերի և համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր։
Հանդիսավոր նիստին ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ:
Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանին, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով:
Համայնքների ներկայացուցիչների և հյուրերի առջև ողջույնի խոսքովհանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Հայաստանում տեղական ինքնակառավարման 20-ամյակի առիթով հանդիսավոր արարողության մասնակիցներին իրենց տեսաուղերձներն են հղել Եվրոպական Միության Ռեգիոնների Կոմիտեի նախագահ պարոն Մարկու Մարկուլան և Եվրոպայի Խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրոն Մոսլեր-Թյորնստյորմը:
«Մենք ցանկանում ենք աջակցել Ձեզ՝ ավելի ամուր ապակենտրոնացված կառավարման համակարգի ստեղծման ձեր աշխատանքում, ինչպես նաև ինտեգրել ձեզ՝ Եվրոպական միության վերջին զարգացումները ավելի լավ օգտագործելու հարցում։
Ցանկանում եմ շնորհավորել ձեզ և մաղթել, որ շարունակեք կատարել մեզ բոլորիս համար անհրաժեշտ աշխատանք, աշխատանք՝ Հայաստանի և Եվրոպայի միության հետ համագործակցությունը ամրապնդելու համար»,- իր ուղերձում նշել է ԵՄ Ռեգիոնների Կոմիտեի նախագահը:
Իսկ Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրոն Մոսլեր-Թյորնստյորմն իր ուղերձում նշել է,- «Շատ ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում տեղական ինքնակառավարման 20-ամյակին նվիրված տոնակատարության առիթով, ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի, Տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Դավիթ Լոքյանի, ում հետ վերջերս եմ հանդիպել Կոնգրեսի հոկտեմբերի նստաշրջանի ժամանակ:
Հայաստանը կարճ ժամանակամիջոցում վավերացրեց Խարտիայի մնացած դրույթները, ինչը լավ օրինակ կարող է լինել մյուս երկրների համար:
Ողջունում եմ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մի շարք բարեփոխումները, կապված նաև ընտրությունների հետ, որը ճանապարհ է հարթում տեղական ժողովրդավարության ամրապնդման համար»:
Հանդիսավոր նիստը եզրափակվել է համերգային ծրագրով՝ մարզային և համայնքային մշակութային խմբերի մասնակցությամբ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14