Նորություններ
Շնորհավորանք եւ պարգեւատրում` ուսուցիչներին
05.10.2016

Արագածոտնի մարզպետարանում հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Հրավիրյալների մեջ էին Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջանների դպրոցների տնօրենները, վաստակաշատ մանկավարժներ, ոլորտի երախտավորներ:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց միջոցառմանը ներկա` դպրոցի տնօրեններին եւ ուսուցիչներին եւ ի դեմս նրանց` մարզի եւ հանրապետության բոլոր մանկավարժներին: Նա փոխանցեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորանքը` մաղթելով նրանց անսպառ եռանդ, աշխատանքային ձեռքբերումներ եւ քաջառողջություն:
Շնորհավորանքի խոսքեր ասացին նաեւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պաշտոնակատար Հասմիկ Նազարյանը, այլ ելույթ ունեցողներ: Շնորհավորանքի, մեծարանքի եւ գնահատանքի հետ մեկտեղ ուսուցչի մասնագիտությունը կարեւորվեց իբրեւ անկախության կերտման գործում սերունդների կրթության ու դաստիարակության հիմնարար գրավական:
Կրթության բնակավառում ունեցած աշխատանքային հաջողությունների ու ձեռքբերումների համար մարզի մի խումբ մանկավարժներ մարզպետի կողմից արժանացան պատվոգրի:
Շնորհավորանքները զուգորդվեցին գեղարվեստական ելույթներով: Հնչեցին ուսուցչին, հայրենիքին ու հայրենասիրությանը նվիրված երգեր, բանաստեղծություններ, ազգային երաժշտություն: